Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես նույնպես չպիտի խնայեմ նրան,— ասաց սգավոր մայրը և յուր վշտալի ալքերը դարձրեց դեպի զայրացած իշխանները։ — Ես հույս ունեի, որ իմ մոլորյալ որդին պատիվ կդներ մոր արտասուքին և կդառնար չար ճանապարհից։ Այդ նպատակով ուղարկեցի նրա մոտ իմ պատգամավորներին։ Ես հույս ունեի, որ նա գոնե այժմ կզղջար յուր մեղքերը։ Բայց, ինչպես երևում է, ամեն զգացմունք՝ դեպի յուր ծնողը, դեպի յուր ազգն ու հայրենիքը՝ մեռած է նրա սրտում։ Այդ պատճառով նա մեռած է և ինձ համար։ Ես կցավեմ նրա վրա, բայց երբեք չեմ ափսոսա։ Նա այլևս իմ որդին չէ։ Իմ որդիքը, իմ սիրելի զավակներն են այն բազմաթիվ գերիները, որ այժմ շղթայակապ դրած են մեր առջև, պարսից բանակում։ Եվ որպես դժբախտ Հռաքելը մի ժամանակ սուգի մեջ էր, մխիթարություն չէր գտնում յուր որդիների կորստյան պատճառով, — նույնպես և ես, իբրև մի որդեկորույս մայր, հանգստություն չպիտի ունենամ, մինչև իմ զավակներին ազատված չտեսնեմ։ Այդ գերիները իմ զավակներն են, ձեր զավակներն են և մեր հայրենիքի զավակներն են։ Մենք պետք է ազատենք դրանց։ Մենք կազատենք ո՛չ միայն մարմիններ, այլև հոգիներ։ Եթե դրանց տանելու լինեն Պարսկաստան, այնտեղ պատրաստ են այդ թշվառների համար Շապուհ արքայի դահիճները, որ կստիպեն՝ կամ արեգակին երկրպագություն տալ, կա՛մ նահատակվիր այն օրից, որ ճանապարհ ընկանք, մենք ուխտեցինք ազատել գերյալներին։ Մենք ուխտեցինք նա՛և պատժել թշնամուն մեր երկրի սահմանների վրա։ Տերը օգնեց մեզ, և մենք անվտանգ անցանք ամեն փորձանքներից, մինչև հասանք այստեղ։ Թշնամին ահա մեր ոտների ներքո է։ Այժմ ձեր քաջությունիցն է կախված, ո՛վ իշխաններ, կատարելու մեր ամենի սրտագին բաղձանքը, որ տիրոջ կամքն է։

— Թո՛ղ օրհնյա՜լ լինի տիրոջ կամքը, թո՛ղ փառավորվի նրա անունը,— ձայն տվին ոգևորված իշխանները։

Մինչև այստեղ սույն ոգևորության մեջ էին, այնտեղ, պարսից բանակի երկնագույն վրանում, Հայոց աշխարհի ընդհանուր երկպառակության ոգին — Մերուժանը դեռ գտնվում էր յուր շքեղ, մետաքսյա անկողնում։ Յուր մոր պատգամավորներին ճանապարհ դնելուց հետո, երկար նա տատանվում էր մի տեսակ տենդային տագնապի մեջ, որի նմանը՝ մինչև այն օր՝ երբեք չէր ծանրացել նրա ամուր սրտի և անվեհեր հոգու վրա։ Յուր բոլոր խաղը պիտի կորցներ մի քանի րոպեում։ Նրա հետ պիտի կորցներ և յուր ամբողջ բախտը։ Ա՛յն փայլուն վաստակներից հետո, ա՛յն անհնարին