Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ երկրի սահմանների մոտ, և մի քանի օրից հետո պետք է ճանապարհ ընկնեինք։ Բայց հանկարծ անակնկալ թշնամին փակեց մեր ճանապարհը։ Մենք այժմ պաշարված ենք կատաղի լեռնականների ահագին բազմությամբ։ Մեր բոլոր վաստակը, մեր բոլոր փառքն ու պարծանքը կորած կհամարվի, եթե չպատմենք հանդուգն թշնամուն, եթե չխորտակենք նրա խոլական ամբարտավաությունը։ Ես հույս ունեմ, ով քաջ զինվորներ, որ դուք որպես միշտ, նույնպես և այսօր ցույց կտաք ձեր անպարտելի զորությունը։ Ես մեծ հույս ունեմ, որ դուք թշնամու դիակների վրայով ձեզ ճանապարհ կհարթեք, որով կստանաք պայծառ Արամազդի օրհնությունը և մեր աստվածափայլ արքայից արքայի շնորհը, որի խոնարհ ծառաներն ենք մենք ամենքս։

Զորքը միաձայն որոտաց.

— Թո՛ղ օրհնյա՜լ լինի պայծառ Արամազդը, թո՛ղ փառավորվի՜ արեգնափայլ արքան։

Այնտեղ յուր քաջերին ոգևորում էր մայրը, այստեղ՝ որդին։ Այնտեղ պատրաստվում էին ազատելու գերյալներին, այստեղ պատրաստվում էին ի տար աշխարհ վարելու։ Կռիվը մոր և որդու մեջ էր։ Մայրը առաջնորդում էր Հայոց երկրի անձնանվեր զավակներին։ Որդին առաջնորդում էր Հայոց երկրի արյունարբու թշնամիներին։ Մեկը բարձրացրել էր Հիսուս Քրիստոսի փրկարար խաշը, մյուսը՝ Զրադաշտի ճաճանչավոր արեգը։ Կրոնը մարտնչում էր կրոնի հետ, դյուցազների՝ դյուցազանց հետ։

Թեև Մերուժանը շատ նպաստավոր կարծիք չուներ պարսից բարձր աստիճանավորների մասին, որպիսին էր Կարեն զորապետը, որոնք առաջ էին անցել ավելի տոհմային և արտոնական առավելություններով, քան թե անձնական արժանավորություններով,— բայց, այնուամենայնիվ, պարսից ստորաստիճան սպաների կարգում կային իսկապես քաջ զորագլուխներ և լավ մարդիկ։ Դրանց վրա լիահույս համարմունք ուներ Մերուժանը։ Միայն գլխավոր դժվարությունը նրանումն էր, որ բանակը դրած էր մի այնպիսի տեղում, որը ավելի ժամանակավորապես օթակայելու իջևանի հարմարություն ուներ, քան թե ռազմական ամրություններ։ Դա, իհարկե, չէր կարող վհատեցնել Մերուժանին, եթե նրան չսպառնար մի այլ վտանգ,— ներքին վտանգ։ Այդ էր պատճառը, որ երբ պետք էր զորքը ասպարեզ հանել, նա հրամայեց՝ սկզբում պաշտպանողական դիրք բռնել։

Հայր-Մարդպետը սկսեց սաստիկ հակառակել նրան, այնտեղով