Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեծյալի անհեթեթ ծանրության ներքո, որի ամբողջ մարմինը պատած էր պղնձով ու պողովատով։ Նրան ախոյան հանդիսացավ Սասնո Ներսեհ իշխանը, որ ձայն արձակեց խորին արհամարհանքով.

— Արշակ թագավորի կանանոցի ներքինապետությունը թողնելով, ո՛վ Հայր-Մարդպետ, այժմ պարսից զինվորների առաջնո՞րդ ես դարձել։ Դա, իրավ, բավական օտարոտի է թվում ինձ։

— Ինչո՞ւ, ո՛վ քաջդ Ներսեհ,— պատասխանեց ներքինին յուր խռպոտ ձայնով։— Դերերի փոփոխությունը երբեմն վատ չէ լինում։

— Բայց կանանցաբարո ներքինու գործը՝ պետք է կանանց հասարակության հետ լինի, ուր տիրում է մեղկ քնքշությունը, և բնավ տեղիք չունի արյունոտ զենքը։

— Փորձենք, և դու կհամոզվես, որ կանանցաբարո ներքինին կարող է գործ ունենալ և քաջ սասունցիների հետ։ Վերջին խոսքերի միջոցին, երկու ախոյանները, իրանց ծանր նիզակները ուղղելով, նժույգների բոլոր թափով հարձակվեցան միմյանց վրա։ Հայր֊Մարդպետի նիզակի ծայրը դիպավ Սասնո իշխանի երկաթապատ կողքին, և քերելով անցավ։ Իսկ Սասնո իշխանի նիզակը ուղիղ դիպավ Հայր-Մարդպետի պղնձակուռ կուրծքին և, որպես ապառաժի վրա զարկվելով, բոլորովին փշրվեցավ։ Զինակիրը իսկույն տվեց նրան մի այլ նիզակ։ Նրանք հեռացան միմյանցից, կրկին հարձակում գործելու համար։

Զորքը, երկու կողմից ևս, դեռ անշարժ կանգնած, անհամբերությամբ սպասում էին իրանց առաջնորդների մենամարտության վախճանին։

Երկրորդ հարձակումը կատարվհցավ ավելի սաստիկ կատաղությամբ։ Այս անգամ երկուսի նիզակներն ևս հետ նահանջվեցան և, դիպչելով պողովատյա լայն վահաններին, շեղվեցան նպատակից։ Բայց նրանց փոխարեն՝ նժույգների զրահապատ կուրծքերը՝ ուժգին շառաչմամբ զարկվեցան միմյանց։ Հայր-Մարդպետի ձին դղրդվեցավ, ընկրկվեցավ, և ապա ծնկների վրա ցած ընկավ։ Այդ միջոցին Սասնո իշխանը ուղղեց յուր նիզակը դեպի ներքինիի կոկորդը։ Բայց ձին իսկույն վեր բարձրացավ, և հարվածը մնաց ապարդյուն։

Այսպես երկու հզոր ախոյանները երկար մաքառում էին միմյանց հետ, և երկուսն էլ մնացին անպարտելի, մինչև Սասնո իշխանը ձայն տվեց.

— Խոստովանում եմ, ո՛վ Հայր-Մարդպետ, որ Արշակ թագավորի