Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մերուժանի համհարզներից մեկը նրա ուշադրությունը դարձրեց մի այլ երևույթի վրա ասելով.

— Բանակի մեջ խռովություն կա...

Մերուժանը նայեց դեպի այն կողմը։

— Այդ էս սպասում էի...— մռնչաց նա և բոլորովին գունաթափվեցավ։— Այնտեղ կռվում են գերիները...

Նա թողեց մորը, շտապեց դեպի գերիները։

Սամվելը, որ առաջին անգամ մի խումբ ձիավորներով ճեղքեց պարսից բանակի այն ծայրը, որտեղ գտնվում էր գերիների քարավանը, երկրորդ անգամին վերադարձավ նա ավելի ստվար խմբով։ Զարմանալի արագությամբ, պատառելով գերիներին շրջապատող զինվորների շղթան, շեշտակի կերպով նետվեցավ նրանց քարավանի մեջ։

— Հասավ փրկության րոպեն,— աղաղակեց նա։— Ջարդեցե՛ք, փշրեցե՛ք ձեր կապանքները։

Գերիներից յուրաքանչյուրը, որպես մի մարմնացած վրեժխնդրություն, հարձակվեցավ պահապան զինվորների վրա։ Ոմանք կռվում էին բռունցքներով, ոմանք իրանց ոտների շղթաներով։ Շատերը վազեցին դեպի բանակը, խորտակեցին վրանները, և նրանց սյուները մահակների նման ձեռքներում բռնած, հարձակվեցան զինվորների վրա։ Ամբողջ բանակը տակնուվրա եղավ: Խնայեցին միայն Մամիկոնյան իշխանի շիկակարմիր վրանին, ուր դրած էր Սամվելի հոր դագաղը։ Ընդհանուր կատաղությունը սահման չուներ։ Կռվում էին տղամարդիկը, կռվում էին և կանայքը, կռվում էին և ծերերը, կռվում էին և մանուկները։ Նրանց թվում գտնված եկեղեցականներն անգամ խառնվեցան արյան և կոտորածի սոսկալի գործողության մեջ։ Բյուրավոր գերյալների բյուրավոր ձեռքերը բարձրացած էին իրանց գերիչների վրա։

Սամվելը աներևակայելի քաջությամբ շանթում էր երբեմն այս, երբեմն այն կողմը։ Նա այնպիսի սրընթաց թափով անցնում էր հուզված, ալեկոծված քարավանի միջով, որպես հրեղեն կայծակը անցնում է ցամաք շամբուտների միջով։ Երբ կոտորածը արդեն հասել էր յուր սարսափելի ահավորությանը, երբ արյունը արդեն հոսում էր հորդ վտակներով, այդ ժամանակ ձայն արձակեց նա.

— Բավական է։ Սկսեցե՛ք այժմ ձեր շղթաներով կապել ձեր գերիներին։ Աստված դրանց մատնեց մեր ձեռքը։ Այժմ մենք գերի կվարենք դրանց դեպի մեր երկիրը։