Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մերուժանը վրա հասավ այն ժամանակ, երբ ամրողջ բանակը սոսկալի խռովության մեջ էր, և բոլոր գերիները ապստամբված, կատաղի կերպով մարտնչում էին։ Բայց նա չկարողացավ մոտենալ ապստամբներին, որովհետև նրա առաջը կտրեց Մոկաց Վահրամ իշխանը, որ դեռ անշարժ սպասում էր Արաքսի թաղթաղուկների մեջ։

Մոկացիք այնպիսի մի անակնկալ կերպով դուրս եկան Մերուժանի հանդեպ, որ նրա զայրացած դեմքի վրա երևաց սովորական ժպիտը, այն դառն, աղետավոր ժպիտը, որ հայտնվում էր տագնապի րոպեներում, և նա ծիծաղելով ձայն արձակեց.

— Հենց դո՜ւք էիք պակաս, ով Մոկաց լեռնեցի դևեր ու սատանաներ։

— Կախարդները երկյուղ չունեն դևերից ու սատանաներից,— պատասխանեց Վահրամ իշխանը։

Երկուսի լուտանքներն ևս հասարակաց կարծիքի մեջ հիմք ունեին. մոկացիք հայտնի էին որպես դիվաբարո ժողովուրդ, իսկ Մերուժանը՝ որպես կախարդ։

Բայց նրա կախարդություններն այս անգամ մնացին բոլորովին ապարդյուն...

Արևը վաղուց արդեն մտել էր, գիշերային մթությունը պատել էր պարսից խորտակված, քայքայված բանակատեղը։ Խաղաղ էր գիշերը և լռին։ Միայն երբեմն լսելի էին լինում հաղթական աղաղակներ։ Կռիվը մի քանի տեղերում տակավին շարունակվում էր։

Այդ միջոցին Մերուժանը խելագարի նման չգիտեր՝ որ կողմը գնալ։ Նրա ականջներին զարկում էին բոթաբեր աղաղակները, նրա սիրտը տրոփում էր սոսկալի խռովությամբ, և նա դեռ հույս ուներ, որ կարող է վերադարձնել կորած փառքը։

Նրա թիկնապահները, նրա մտերիմ համհարզները, գիշերային մթության մեջ, կռիվների ընդհանուր շփոթության ժամանակ, կորցրել էին նրան։ Նա չէր նկատում, որ մնացել է միայնակ։

Բայց նա զգում էր մի տեսակ հոգնություն, մի տեսակ սպանչ թուլություն։ Զգում էր, որ առողջ դրության մեջ չէ։ Գլուխը պտույտվում էր, աչքերի առջևը ավելի և ավելի մթնանում էր։ Հազիվհազ կարողանում էր իրան պահել ձիու վրա։ Արբեցածի նման չգիտեր, թե ի՛նչ է կատարվում յուր հետ։ Ձին տանում էր նրան յուր կամքով։ Սանձը արդեն ընկել էր նրա ձեռքից։