Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ բնավ չնկատեց, թե ի՛նչ է կատարվում յուր հետ, մինչև իսպառ արյունաքամ եղավ, թուլացավ և ընկավ...

Մինչ երկաթյա մարդը այսպես տանջվում էր օրհասական տագնապի մեջ, այդ միջոցին Սամվելը, յուր ըղձալի բաղձանքներին հասած, գերիներին ազատած, շտապում էր դեպի հոր շիկակարմիր վրանը։ Նա շտապում էր ազատելու հոր դագաղը, որովհետև վախենում էր, մի գուցե լեռնականները, իրանց անզուսպ կատաղության մեջ, հարձակվեին հանգուցյալի վրանի վրա և իրանց վրեժխնդրությունը գործ դնեին նրա դիակի վրա, պատառ֊պատառ անելով և կովի դաշտի երեսին ցրվելով։ Նա գնում էր յուր վերջին պարտքը և հարգանքը մատուցանելու յուր հորը։ Թեև նրա բոլոր ցանկությունները արդեն կատարվել էին, թեև նա այժմ իրավունք ուներ լիապես ուրախ լինելու, բայց, ընդհակառակն, խիստ տխուր էր։ Տխուր էր, որովհետև պիտի հանդիպեր ա՛յն սգավոր դագաղին, որի մեջ դրված էր յուր ձեռքով սպանված հայրը։

Բայց հոր փոխարեն, ճանապարհին հանդիպեց նրան կիսամեռ Մերուժանը։

Երբ Սամվելը յուր ասպախումբով անցնում էր, հանկարծ գիշերային խավարի միջից լսելի եղավ ձիան խրխնջալու մի խիստ թախծալի ձայն, որ, կարծես, օգնություն էր կանչում։ Սամվելը դիմեց դեպի այն կողմը։ Նրա աչքին ընկավ Մերուժանի հայտնի նժույգը, որ յուր ճերմակությամբ բավական պարզ կերպով նշմարվում էր գիշերային մթության մեջ։ Նա դարձավ դեպի յուր խումբը, ասելով.

— Իսկույն մի ջահ վառեցե՛ք։

Պատանի Հուսիկը վառեց ջահը։

Մերուժանը դեռ թավալվում էր յուր արյան մեջ։

Սամվելը տեսավ, և նրան տիրեց մի տեսակ ապշություն, որ առաջ է գալիս սաստիկ ուրախությունից և սաստիկ բարկությունից։ Ցած իջավ ձիուց, և մի քանի րոպե, անշարժ կանգնած, նայում էր մահամերձ հերոսի վրա և յուր ալետանջ անվճռականության մեջ չգիտեր, թե ի՛նչպես պետք էր վարվել նրա հետ — արդյոք կտրե՞լ վերջին շունչը, թե թողնել։

Ձիաների հանկարծակի ոտնաձայնը փոքր-ինչ հուշի բերեց օրհասականին։

— Այստեղ մարդ կա՞,— ձայն տվեց նա, աշխատելով գլուխը վեր բարձրացնել, որը դարձյալ ընկավ գետնի վրա։

— Կա՛,— պատասխանեց Սամվելը։