Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա կրկին նստեց ձին, և առնելով յուր հետ յուր մարդիկների մի մասը, շտապեց դեպի հոր շիկակարմիր վրանրը։

Ծերունի Արբակը, որ այդ միջոցին գտնվում էր Սամվելի մարիկների թվում, տեսնելով նրա մեծահոգությունը, փորձված գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և ինքն իրան ասաց.

«Ես չեմ հասկանում այս տեսակ գթություններ․․․Ի՞նչ է նշանակում կենդանի թողնել վիրավոր վիշապին...»

Զ

ՈՂԱԿԿԱՆ ԱՄՐՈՑԸ

«Ատրուշանս շինէին ի բազում տեղիս, և զմարդիկ հնազանդէին օրինաքն Մազդեզանք. և բազում յինքեանք սեփականսն շինէին ատրուշանս, և զորդիս և զազգայինս իւրեանց տային յուսումն Մազդեզանց։ Ապա որդի մի Վահանայ, անուն Սամուէլ, եհար սատակեաք... մայր իւր»...
Փաւստոս։

Անցավ աշունը, անցավ և Հայոց դառնաշունչ ձմեռը։

Տարոնի ընդարձակ դաշտավայրը դեռ նոր էր սկսել կանաչազարդվիլ նորաբույս խոտերով, դեռ նոր նորեկ ծիծեռնակը ավետում էր գարնան ուրախալի վերադարձը։ Լռեց փոթորիկը, դադարեց բքաբեր բորեասը, և նրանց փոխարեն՝ անուշ սյուքը մեղմ ալիքներով անցնում էր թավշապատ հովիտների վրայով, տարածելով դեպի ամեն կողմ կյանք և զորություն։

Գարնանամուտի առաջին առավոտն էր։

Ողական ամրոցը այս առավոտ մի առանձին հրապուրիչ տեսք էր ստացել։ Պատերը և սենյակների ճակատները դրսից ու ներսից պատած էին կանաչ թուփերով ու թարմ տերևներով։ Ծառաները, սպասավորները, նաժիշտներն ու աղախինները, ամենքը տոնական հագուստներով զարդարված, ձեռքները և մազերը կարմիր ներկած, վազվազում էին այս կողմ ու այն կողմ, և օրվա պատշաճին վայել պատրաստություններ էին տեսնում։ Ամբողջ ամրոցը շնչում էր խորին, հոգեզվարթ բերկրությամբ։