Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևի առաջին ճառագայթների հետ որոտացին պալատական նվագարանները և շարունակում էին անլռելի հնչյուններով ածվիլ։ Ողական ամրոցը տոնում էր գարնանամուտը, որ, միևնույն ժամանակ, էր պարսից տարեմուտը։

Դա չէր հայոց սիրելի Նավասարդը, հայոց նոր տարին, որ յուրաքանչյուր ամի՝ աշխարհախումբ բազմությամբ՝ տոնվում էր Աշտիշատի ծաղկազարդ տաճարներում։ Դա հայոց համար բոլորովին խորթ և բոլորովին օտար մի տոն էր, որ առաջին անգամ կատարվում էր Մամիկոնյանների ամրոցում։

Դա պարսկական տոն էր։

Ինչե՜ր չփոխվեցան, ի՜նչ ներմուծություններ չեղան սկսյալ այն օրից, երբ Սամվելը թողեց այդ ամրոցը։ Հին, իրանց նախնական ծեսերին ու սովորություններին հավատարիմ մնացած ծառաներն ու աղախինները այլևս չկային։ Ոմանք կամովին հեռացան, ոմանց հեռացրեց Սամվելի խստասիրտ մայրը։ Նոր ծառաներն ու նոր աղախինները կրում էին պարսկական հագուստներ, խոսում էին պարսկերեն։ Նրանցից շատերը պարսիկներ էին։ Հայ քահանան այլևս մուտք չուներ այդ ամրոցում։ Նրա փոխարեն յուր կրոնական պաշտամունքը կատարում էր պարսիկ մոգը։ Տնային վարժապետները, դաստիարակները, դայակներն անգամ, որոնք կրթում էին մանուկներին քրիստոնեական ոգով, քրիստոնեական առաքինություններով, փոխված էին։ Նրանց պաշտոնը կատարում էին պարսիկ մոգերը, ուսուցանելով Մազդեզանց կրոնի հրահանգները։ Կերակուրներն անգամ փոխված էին, ըմպլեիքներն անգամ փոխված էին։ Փոխված էր և սենյակների կահավորության, սարք ու կարգի ձևը։ Հին, ավանդական սովորությունների փոխարեն' տիրապետում էր նորը — պարսկականը։ Վաղեմի, նահապետական կարգերի փոխարեն, որոնց գեղեցկությունը հենց նրանց պարզության մեջն էր, տիրապետում էր պարսկական զեխությունը, պարսկական շռայլությունը։ Չկային նաև ամրոցի մյուս բնակիչները։ Մուշեղ Մամիկոնյանի ընտանիքը տեղափոխվել էր Տայոց երկրի Երախանի բերդը։ Վարդան Մամիկոնյանի այրին՝ տիկին Զարուհին յուր զավակների հետ՝ գտնվում էր նույնպես Երախանի բերդում։ Չկար և նազելի Որմիզդուխտը' Սամվելի խորթ մայրը։ Նա հենց այն ժամանակ թողեց Ողական ամրոցը և գնաց Պարսկաստան, երբ Սամվելը հեռացավ այդ ամրոցից։

Ամրոցում մնացել էր միայն Սամվելի հարազատ մայրը՝