Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սամվելը մեկնեց յուր դողդոջուն ձեռքը։

— Վճռված է...— ասաց Մուշեղը և նստեց նրա մոտ։— Այժմ խորհենք, թե ի՛նչ պետք է անել:

Երկար երկու կողմից ևս տիրում էր լռություն։

— Լսի՛ր, Սամվել,— խոսեց Մուշեղը,— երբեք Հայաստանը այսպիսի ճգնաժամի մեջ չէ գտնվել, որպես այժմ։ Թագավորը աքսորված է, հայրապետր աքսորված է, իմ հայրը` սպարապետը աքսորված է։ Թշնամիները այդ անտերությունից կարող են ամեն տեսակ օգուտներ քաղել։ Ներքին երկպառակությունը ավելի մեծ վտանգ է սպառնում, քան թե արտաքին թշնամին։ Իմ ստացած տեղեկությունների համեմատ, մեր նահանգներից, մեր գավառներից շատեր ապստամբվել են, մտածում են թոթափել հայոց թագավորի լուծը։ Ապստամբվել է Աղձնյաց բդեշխը և, Ձորո կոչված ահագին պարիսպը կառուցանելով, յուր աշխարհը բաժանել է մեր երկրից։ Ապստամբվել է Նոր-Շիրականի բդեշխը։ Ապստամբվել են` Մահկեր տան, Նիհորական, Դասսընտրեի բդեշխները։ Ապստամբվել է Գուգարաց բդեշխը։ Ապստամբվել են` Ձորոց գավառի տերը, Կողբա գավառի տերը և Գարտմանաձորի տերը։ Ապստամբվել են` Արցախի ամուր գավառը, Տմորյաց ամուր գավառը, Կորտրյաց ամուր աշխարհը և Կորդվաց գավառի տերը։ Ապստամբվել են` ամբողջ Ատրպտտականը, Մարաց ամուր աշխարհը և Կասպից աշխարհը։ Ապստամբվել են նաև Անձտյաց և Մեծ Ծոփաց իշխանները։ Պարսից սահմանակիցները բռնել են պարսից կողմը, իսկ հունաց սահմանակիցները բռնել են հունաց կողմը։

Սամվելը, որ խորին վրդովմունքով լսում էր այդ բոլորը, ընդհատեց Մուշեղի տեղեկությունները, բացականչելով.

— Անիրավնե՜ր, նրանք, որ մեր հայրենիքի կողմնակալներն ու սահմանապահներն են, այժմյան ընդհանուր ճգնաժամի ժամանակ, փոխանակ պաշտպանելու երկիրը արտաքին թշնամիներից, նախ իրանք են լինում, որ ապստամբվում են և բարեկամական ձեռք են մեկնում թշնամուն: Այլևս ի՞նչ է մնում մեզ, երբ գլխավոր ուժերը ապստամբվել էն...

— Մեզ մնում է ժողովուրդը,— պատասխանեց Մուշեղը խրոխտալի ձայնով։— Թշնամին մի մեծ սխալ գործեց, և մենք այդ սխալից կարող ենք օգուտ քաղել։ Թշնամին դիպավ ժողովրդի ամենասրբազան զգացմունքներին — նրա եկեղեցուն։ Եթե քո հայրը և Մերուժան Արծրունին ճանաչած լինեին հայի սիրտն ու հոգին, նրանք պետք է ձեռնամուխ չլինեին դեպի եկեղեցին, այն ժամանակ,