Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես, պետք է երկրպագություն տաս այն սրբությանը, որ պաշտում է քո մայրը։

— Ուրեմն, ես կսպանեմ քո աստծուն, մա՛յր։

— Չե՛ս համարձակվի, Սամվել։

Մոգերն ու մոգպետը երկյուղից մի կողմ քաշվեցան։ Սամվելի մարդիկը շրջապատեցին նրանց։ Բազմությունը ապշած կերպով նայում էր, թե ի՛նչով կվերջանա մոր և որդու կռիվը։ Տիկնոջ դրանիկներից մի քանիսը իրանց ձեռքը տարան դեպի սրերը և զայրացած դեմքով սպասում էին նրա հրամանին։ Սամվելի մարդիկը նկատեցին այդ, իրանք նույնպես ձեռքները տարան դեպի սրերը։

Անզուսպ կատաղությունը տիրեց դժբախտ որդուն։ Նրա սպառնական դեմքը այդ րոպեում ահռելի էր։ Խորին վրդովմունքով դարձավ դեպի մայրը, ասելով.

— Կրկնում եմ, մայր, հանգցրու այդ կրակը...

— Անկարելի է, Սա՛մվել...

— Կրկնում եմ, հանդցրո՛ւ այդ պղծությունը, եթե ոչ...

— Եթե ոչ, ի՞նչ կանես...

— Քո արյունով կհանգցնեմ...

— Անիրա՜վ...

—Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թո՛ղ մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՛ այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե և ուրացող մորը...

Վերջին խոսքերի հետ՝ նա ձեռքը տարավ դեպի մոր գլուխը, բռնեց երկար գիսակներից, քարշ տվեց կրակի սեղանի մոտ։ Սուրը շողաց, տաք արյունը թափվեցավ սեղանի վրա...

Բազմության միջից լսելի եղան ուրախաձայն աղաղակներ.

— Արժանի՜ էր․․․