Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի թողել ցանկալի չափով օրագրային ու այլ գրառումներ. միևնույն է «Սամվելը» և մյուս մեծ ստեղծագործությունները նա կարող էր գրեք հոգեկան ուժերի մեծագույն լարումով ու շիկացմամբ միայն։ Խոշոր ստեղծագործությունները այլ կերպ չեն ստեղծվում։

Ժամանակակից-կենսագիրների վկայությամբ Րաֆֆին հայրենասիրական, քաղաքացիական ակտիվ խառնվածքով աչքի է ընկել դեռ վաղ երիտասարդության հասակում, դեռ այն ժամանակ, երբ ապագա գրողի իր կոչումը չէր գիտակցել նա, երբ գրական կարիերան նրան տակավին չէր զբաղեցրել։ Երիտասարդ Րաֆֆու ամենասիրելի զբաղմունքը եղել է շրջագայությունը, ճանապարհորդությունը։

1857 թ. Րաֆֆին ճանապարհորդություն է կատարում Պարսկաստանի մի շարք հայաշատ վայրերը, այնուհետև անցնում է Տաճկահայաստան, հասնում է Վան քաղաքը, իջնում է Այգեստանում։ Այդ ճանապարհորդության ընթացքում նա տեսնում է Վարադա վանքը, Աղթամարի վանքը, տեսնում է նաև Բգնունյաց ծովակը։ Թերևս հենց այստեղ էլ երիտասարդ Հակոբ Մելիք-Հակոբյանի մեջ արթնանում է գրող-հայրենասերը՝ ապագա Րաֆֆին։ Այդ օրերին է, որ ճանապարհորդական ծանր տպավորությունների տակ նա դրում է «Ձայն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես» իր հայտնի բանաստեղծությունը։ Շարունակելով ճանապարհը, նա լինում է բազմաթիվ հայկական գյուղերում ու վանքերում, լինում է նաև Տարոնում ու Մուշում, տեսնում է Ս. Կարապետի վանքը և պատմական ուրիշ շատ վայրեր։ Այդ ուղևորության ընթացքում նա դրի է առնում բազմապիսի նյութեր, տեղեկություններ, տեղագրություններ է անում, որոնք իր հոգեկան հարուստ, ծանր ապրումների ու տպավորությունների հետ միասին հետագայում դառնում են մշտապես կենդանացող ու խորացող ստեղծագործական անսպառ նյութ։

Ճանապարհորդությունը Րաֆֆու համար բոլորովին էլ միայն աշխարհագրական ու պատմագրական կարգի հետաքրքրություններ չի ներկայացրել։ Նա շատ կենդանի ու ակտիվ հետաքրքրություն է ունեցել նաև հասարակական կյանքի վիճակի նկատմամբ։

Րաֆֆու կենսագիր, նրա հայրենակից ոհ վաղեմի ընկեր Ավագ խան Աֆթանդիլյանը պատմում է, որ Րաֆֆին իր ծննդավայրում, Սալմաստի հայաբնակ Փայաջուկ գյուղում ապրելու ժամանակ, շատ էր շրջում գյուղերը, հանդիպում հայ գյուղացիներին, լսում նրանց զրույցները՝ կյանքից, իրենց վիճակից, լսում իրական հետաքրքրաշարժ դեպքեր, հին պատմություններ, երկար ու տաք զրույցի բռնվում նրանց հետ կենսական, ազգային հուզող հարցերի շուրջը, խորհուրդներ տալիս, իսկ հետո, ինքն իր մեջ, երկար ժամանակ ու խոր մտածում նրանցից լսածի, իր տեսածի մասին։

Նա շրջել է նաև հարևան քուրդ բնակչության մեջ, հանդիպել քուրդ ցեղապետների, զրուցել նրանց հետ հայերի ու քրդերի հարաբերությունների մասին։ Րաֆֆին կապված է եղել պարսիկների հետ, հարգանքով է վերաբերվել նրանց, հյուրասիրել ու փոխադարձաբար հյուրասիրվել նրանցից, պարսկերեն է սովորել։ Նա դատապարտել է պարսիկներին չսիրելու, վատաբանելու որոշ հայերի վերաբերմունքը.— փաստեր, որոնք նշանակալի են գրողի ազգային-հասարակական հայացքները ճանաչելու տեսակետից։

Նույն Աֆթանդիլյանի վկայությամբ, Րաֆֆին հաճախ վեճի է բռնվել հայ