Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե ինչո՞ւ համար մտավ նա, ինքն էլ չգիտեր, բայց շուտով յուր համար գործ գտավ: Մոտեցավ սենյակի այս և այն առարկային, նայեց, զննեց, մեկը վեր առեց, մյուսի տեղը դրեց, մյուսը առաջինի տեղը դրեց։ Մոտեցավ անկյուններում դրած նիզակներին, աշտեներին, մեկը վեր առեց, այս անկյունից այն անկյունը տարավ, այնտեղինը այստեղ բերավ, դրեց, նայեց, տեսավ, որ փոքր-ինչ ծուռն էր կանգնած, ուղղեց, և դարձյալ շարունակեց նայել: Ահա այդ տեղափոխություններով էր զբաղված, երբ պատանի Հուսիկը կրկին ներս մտավ, և նրա ձեռքը բռնելով, ասաց.

— Այդ ին՞նչ քո գործն է: Էլի եկար ամեն բան խառնելու։

— Սո՜ւս, լակո՛տ, — պատասխանեց ծերունին և ձեռքով այնպես սաստիկ հրեց նրան, որ եթե Հուսիկը կատվի առաձգական ճարպկությունը չունենար, կարող էր ծեփի նման թխվել հատակի վրա:

— Կամա՛ց, սիրելի Արբակ,— զգուշացրեց պատանին,— մեր տերը քնած է։

— Քնա՞ծ է,— կրկնեց ծերունին ծաղրական ձայնով,— քնած է, կզարթնի, հիմա ո՞վ է քնում։

Եվ իրավ, ընդունարանի աղմուկը զարթեցրեց Սամվելին։

Ծերունի Արբակը Սամվելի դայակն էր. երեխայությունից սնուցել էր նրան յուր բազուկների վրա. այդ էր պատճառը նրա չափազանց ընտանության։ Նա մի հին զինվոր էր, զինվորի կոշտ և մաքուր սրտով։ Մինչև այդ հասակը նա դեռ պահպանել էր յուր վաղեմի քաջազնական հոգու թարմությունը։ Ծամվելը հարգում էր այդ մարդուն, հարգում էր նրա ծերությունը, հարգում էր և նրա անծերանալի արիությունը։ Այդ հասակում ևս նրա նետը երբեք չէր վրիպում նպատակից. այդ հասակում ևս նա խիստ հաջողակ ձեռք ուներ։ Դեռ պատանեկության հասակից կրթում էր նա Սամվելին որսորդության և զանազան զինվորական մարզությունների մեջ. սովորեցնում էր վազել, լայն վիհերի վրայից թռչել, ձիարշավ լինել և խստերախ նժույգներին սանձահարել։ Սովորեցնում էր նետաձիգ լինել և նետերով երկաթյա զրահներ պատառել։ Այդ փորձերը նա անել էր տալիս պղնձյա տախտակների վրա։ Սովորեցնում էր սրի մի հարվածով մարդկանց գլուխը թռցնել, կամ նրանց մեջտեղից կես կիսել։ Այդ փորձերը նա անել էր տալիս անասունների վրա։ Սովորեցնում էր քաղցի ու ծարավի դիմանալ և գիշերը առանց անկողնի բացօթյա տեղում պառկել։ Մի խոսքով, սովորեցնում էր այն բոլոր մարզությունները, որ այդ ժամանակ ընդունված էին