Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծերունին ժպտալով պատասխանեց.

— Որսի գնացողի՜ն նայեցեք... որսի գնացողը հիմա՞ է վեր կենում... արևը հինգ ջիդայից ավելի բարձրացել է։

Այսինքն` նիզակի հինգ երկարությամբ բարձրացել է հորիզոնի վրա։ Նիզակը մի չափ էր Արբակի համար, որ ամեն տարածություն անխտիր նրանով էր չափում։

Դայակի հանդիմանությունը իրավացի էր. նախ, որ Սամվելը երբեք սովորություն չուներ այնպես ուշ վեր կենալու. երկրորդ, որ որսի էին գնում դեռ արևը չծագած։

Նա արդարացրեց իրան, ասելով, որ գիշերը շատ ուշ քնեց, երկար անհանգիստ էր, և լուսաբացին միայն քունը տարավ։ Բայց այդ բոլոր պատճառները ոչինչ համոզել Արբակին չկարողացան։ Նա մնաց այն կարծիքի մեջ, թե երբ մի երիտասարդ գիշերը քնել չի կարողանում, նա անպատճառ մի որևիցե «սատանայություն» կունենա, և այդ, Արբակի հայացքով, շատ անվայել էր։

Արբակր սովորել էր նայել Սամվելի վրա, որպես մի երեխայի վրա, որը մի ժամանակ մոռանում էր մոր տված թաշկինակով քիթը սրբել։ Նա բնավ հաշտվել չէր կարողանում այն մտքի հետ, թե այն երեխան աճել էր, մեծացել էր, և յուր կամքը ու ցանկություններն ուներ։ Թեև Սամվելը վաղուց դուրս էր եկել նրա հոգաբարձության տակից, բայց պահպանելով ծերունու պատիվը, երբեմն նրա խորհրդին էր դիմում։ Բայց երբ Արբակի խորհրդին էին դիմում, այդ միջոցում նա շատ խստապահանջ էր դառնում։

Վերջապես, զիջանելով յուր սանիկի թախանձանքին, ասաց նա.

— Հիմա որ գնում ես, ես կպատվիրեմ կա՛րմիր ձին պատրաստեն։

— Ինչո՞ւ կարմիրը, Արբակ, դու գիտես, որ ես ճերմակն եմ սիրում,— հակառակեց Սամվելը։

— ճերմակը դեռ նստելու չէ, — պատասխանեց Արբակը գործագետ մարդու եղանակով.— տյդ անիրավը, որպես տեսնում եմ, խելքի գալու միտք չունի, նա մի օր քեզ փորձանքի մեջ կձգի։

Սամվելը ընդունեց ծերունու խորհուրդը, միայն խնդրեց, որ երկու ծառայից և երկու բարակից ավելի չլինի յուր հետ։ Այդ ցանկությունը խիստ օտարոտի երևաց Արբակին, որովհետև նա, ինչ որ որսորդության էր վերաբերում, այդ սովորություններին ու կարգերին սաստիկ նախանձախնդիր էր։ Ամեն անգամ, երբ Սամվելը որսորդության էր գնում, նրան ուղեկցում էին տասն-քսան ձիավորներ և նույնքան շներ։ Մի քանի օր առաջ հարևան ազնվականների որդիները