Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրավեր էին ստանում մասնակցելու որսորդությանը։ Եվ վերջապես, որոշվում էր տեղը, ժամանակը, ուր կանխապես նախապատրաստություններ էին տեսնում։ Իսկ այս առավոտ հանկարծ Սամվելի խելքին փչում էր որսի գնալ, այն ևս երկու ձիավորով: Ի՞նչ կմտածեին տեսնողները։ Դա անվայել չէ՞ր լինի։ Բայց Սամվելը հանգստացրեց ծերունուն, ասելով, թե ավելի մի թեթև զբոսանք կատարելու ցանկություն ունի, քան թե որսորդության, որովհետև իրան վատ է զգում և կամենում է փոքր-ինչ զվարճանալ։

Ամրոցում արդեն գիտեին սպարապետի վերադարձը Տիզբոնից, իհարկե, ոչ այն մանրամասներով, որպիսի լուրեր բերեցին վերջին երկու սուրհանդակները։ Սամվելը կամեցավ գիտենալ, թե ի՛նչ տպավորություն էր գործել այդ համբավը ծերունու վրա։

— Դու գիտե՞ս, Արբակ, որ հայրս գալիս է, և գալիս է հայոց սպարապետի պաշտոնով։

Ծերունին փոխանակ պատասխանելու, ձեռքը տարավ դեպի գլուխը, ճակատը շփեց, կարծես թե դժվարանում էր պատասխան գտնել։

— Ինչո՞ւ չես խոսում։

— Այդ բանից լավ հոտ չէ գալիս...— պատասխանեց պարզախոս ծերունին, և այժմ ավելի պինդ կերպով սկսեց շփել յուր ճակատը։

— Ինչո՞ւ, Արբակ, այդ ի՞նչ ասելու բան է,— հարցրեց Սամվելը իրան վիրավորված ձևացնելով։

Ծերունին ձեռքը տարավ դեպի ճերմակ մորուքը և բռնելով, ասաց.

— Այդ մազերից ամեն մեկը մի փորձանքի մեջ է սպիտակել, Սամվել... ես շատ բան եմ տեսել և շատ բան եմ փորձել...

Նա լռեց, այլևս ոչինչ չասաց, բայց նրա վշտալի դեմքը շատ բան ասաց Սամվելին։ Ծերունին, իհարկե, չգիտեր, թե որպիսի՛ չար հանձնարարություններ ստացած ուներ Սամվելի հայրը Շապուհ արքայից, որ պետք է կատարեր յուր հայրենիքում։ Բայց նրան անհանգստացնում էր այն աղոտ կասկածանքը, թե ինչո՞ւ հայոց սպարապետությունը Սամվելի հորը տվեցին, քանի որ այդ պաշտոնը տոհմային օրենքով վայելում էր նրա երեց եղբայրը` Վասակը, կամ ի՞նչ իրավունքով պարսից Շապուհ արքան ձեռնամուխ էր լինում այն կարգադրությունների մեջ, որ հայոց թագավորի իրավունքից միայն կախումն ունեին։ Այդ կասկածները արտահայտեց