Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծերունին, երբ վեր կացավ և, յուր քայլերը ուղղելով դեպի սենյակի դուռը` ասաց դառնացած ձայնով.

— Ես շատ ուրախ կլինեի, երբ մեր տերը յուր թագավորի հետ կվերադառնար Տիզբոնից, և ոչ թե Մերուժան Արծրունու հետ...

Նա դուռը սաստիկ բախեց յուր ետևից և մրթմրթալով անցավ նախասենյակից։

Արբակի վրդովմունքը սաստիկ ազդեց Սամվելի վրա։ «Որպիսի՞ սուգ պետք է տիրե ամրոցում, երբ գործի իսկությունը բոլորովին հայտնի կլինի,— մտածում էր նա,— ոչ ոք, բացի իմ մորից, գոհ չպիտի մնա իմ հոր վարմունքից: Նա կբերե յուր հետ աղմուկ, կռիվ, նախանձ, ատելություն յուր տան մեջ...»։

Բոլոր խոսակցության ժամանակ Հուսիկը, ոտքի վրա կանգնած, լսում էր։ Նա ոչ Արբակի ճերմակ մորուքն ուներ և ոչ նրա փորձերը։ Բայց նա ևս մի բան զգում էր, թեև բացատրել չէր կարողանում, թե ինչո՛ւ յուր տերը, հոր գալուստը լսելով, փոխանակ ուրախանալու, միշտ տխուր էր։

Այս առավոտ կարծես կորցրել էր նա յուր սովորական զվարթությունը և գտնվում էր մի տեսակ մելամաղձության մեջ։

Սամվելը նկատեց այդ և կարեկցությամբ հարցրեց.

— Ի՞նչ կա, Հուսիկ, ինչո՞ւ ես այդպես լուռ։

Պատանին զգուշությամբ նայեց յուր շուրջը և, մի քանի քայլ մոտենալով Սամվելին, հազիվ լսելի ձայնով ասաց.

— Գիտե՞ս, տեր իմ, ինչ իմացա...

— Ի՞նչ իմացար,— հետաքրքրությամբ հարցրեց Սամվելը։

— Այն մարդը այս գիշեր դարձյալ եկել էր տիկնոջ մոտ։

— Ո՞ր մարդը։

— Սուրհանդակը, որ մեծ տերից նամակ էր բերել։

— Քեզ ո՞վ ասաց։

— «Նա» ասաց։

— Նվա՞րդը։

— Այո՛, Նվարդը։ Ասաց, որ գիշերից բավական անցել էր, երբ ներքինի Բագոսը բերեց նրան տիկնոջ սենյակը։ Մինչև այդ ժամանակ տիկինը նստած սպասում էր։ Հետո սենյակի դռները կողպեցին, առանձնացան, սկսեցին երկար ու երկար խոսել։

— Ի՞նչ խոսեցին։

— Նվարդը բոլորը լսել չէր կարողացել, ասում էր, որ շատ կամաց էին խոսում, միայն դռան ճեղքից տեսել էր, որ տիկինը հանձնում էր նրան զանազան նամակներ։ Նա պետք է շատ տեղեր