Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնար, շատ երկրներից անցներ, շատ մարդկանց հետ տեսնվեր, և այն նամակները պետք է հասցներ նրանց։

— Այն տեղերի կամ այն մարդկանց անունները Նվարդը չասա՞ց քեզ։

— Ես հարցրի, Նվարդը չէր հիշում, ասում էր, որ անծանոթ անուններ էին, չկարողացա մտքումս պահել։ Միայն այսքանը լսել էր, որ տիկինը խստիվ պատվիրում էր սուրհանդակին, որ առանց մի րոպե կորցնելու, աշխատե երկու շաբաթվա ընթացքում բոլոր տեղերից անցնել և բոլոր նշանակած մարդկանց հետ տեսնվել։

— Այդ մարդկանց և ո՞չ մեկի անունը չէր հիշում։

— Հա՛, մոռացա, մեկի անունը հիշում էր։ Նա ասաց, որ տիկինը պատվիրեց, որ սուրհանդակը գնա ամենից առաջ «արևորդիների» քրմապետ Վարազդատի մոտ։

Այդ անունը լսելով, Սամվելը իսպառ գունաթափվեցավ։ Միայն այդ անունը բավական էր Սամվելին գաղափար տալու յուր մոր վտանգավոր ձեռնարկությունների մասին։ Տարոնում մինչև այդ ժամանակ դեռ գոյություն ուներ հին արևապաշտությունը։ Նրա հետևողներին նոր անունով կոչում էին «արևորդիք»։ Նրանք ազգով հայ էին, բայց քրիստոնյա հայերի հալածանքից վախենալով, թեև առերես իրանց քրիստոնյա էին ձևացնում, բայց գաղտնի կերպով պաշտում էին հին կրոնը, և որպես նեղված ու հալածված մի հասարակություն, միշտ մի հարմար առիթի էին սպասում ապստամբվելու։ Իսկ այժմ առիթը ներկայանում էր։ Մամիկոնյան տիկինը, Տարոնի տիրուհին, ավետիս էր ուղարկում նրանց քրմապետին և հրավիրում էր աջակցել իրան։ Եվ ովքե՞ր, եթե ոչ «արևորդիները», ցույց կտային ամեն պատրաստակամություն ընդունելու տիկնոջ հրավերը։ Նրա ամուսինը, Տարոնի տերը, գալիս էր Տիզբոնից ոչնչացնելու քրիստոնեությունը և բերում էր յուր հետ պարսից արևապաշտությունը։ Եվ ովքե՞ր, եթե ոչ «արևորդիները», գրկաբաց կընդունեին նրան։ Իսկ «արևորդիների» թիվը Տարոնում, մանավանդ Միջագետի սահմաններում, փոքր չէր։ Ուրեմն, հողը պատրաստ էր, որի վրա Սամվելի մայրը արդեն սկսել էր սերմանել ներքին երկպառակության սերմերը։

Այդ բոլորը պարզ էր Սամվելի համար։

Այդ առավոտ մոր սուրհանդակը ճանապարհ ընկավ դեպի «արևորդիների» քրմապետը։ Իսկ ինքը, որսորդության պատրվակով, պատրաստվում էր ճանապարհ ընկնել դեպի Աշտիշատի վանքը` Հայաստանի Մայր եկեղեցին։ Այնտեղ էին կենտրոնացած քրիստոնեության