Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ հարուստ ասպաստանր։ Նա գիտեր բոլոր նժույգների անունները, ծագումը, տարիքը, և ծանոթ էր յուրաքանչյուրի բնավորության հետ։ Ախոռապետը մի առանձին հաճությամբ պատասխանում էր յուր տիրոջ նկատողություններին, որ արտահայտում էին նրա խորին գոհունակությունը։ Մի քանի նժույգների մոտեցավ նա և ձեռքով փայփայեց նրանց գլուխը։ Այդ ավելի ուրախացրեց ախոռապետին, որպես ուրախանում է մի գթոտ մայր, երբ. նրա աչքի առջև գգվում ես նրա սիրուն, կայտառ զավակներին։

— Ժամանակ է, կարծեմ, Զավեն, «խամից հանել» ձիաները,— ասաց Սամվելը։֊— Գուցե շուտով հարկավոր կլինեն...

— Հասկանում եմ, տեր իմ,— պատասխանեց ախոռապետը և նրա մազոտ դեմքի վրա չերևաց մի բարեսիրտ ժպիտ։— Մեծ իշխանը գալիս է, երևի, ընդառաջ պիտի գնաք։

— Այո՛, և մեծ խումբով,.

— Այդ ես գիտեի, և դրա համար հենց այսօրից սկսեցինք ձիաները «խամից հանել»։ Այսուհետև ամեն օր կտանեն և մի քանի ժամ կմանածեն։

Դուրս գալով ասպաստանից, Սամվելը գտավ յուր ձին թամբած, պատրաստած, նստեց և ճանապարհ ընկավ։

Ը

ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Կապարճը թիկունքին, աղեղը ուսին, երկար նիզակը ձեռին, նստած յուր սիրուն կարմիրի վրա, գնում էր Սամվելը այն ճանապարհով, որ տանում էր Ողական ամրոցից դեպի Աշտիշատի վանքը։ Ուրախ նժույգը խաղում էր, ոստյուններ էր գործում, կրծոտում էր յուր սանձը, և մի քանի րոպեում նրա բերանը պատվեցավ սպիտակ փրփուրով։ Բայց շուտով մեղմացավ նա, կարծես մի առանձին տխրությամբ զգալով, թե ինչո՞ւ յուր տերը չէ պատասխանում յուր զվարճություններին։ Ամեն անգամ, երբ պատահում էր նրան` յուր տիրոջ հետ որսորդության գնալ, նա հազարումեկ փաղաքշանքով խրախուսում էր, քաջալերում էր նրան։ Բայց այսօր ինչո՞ւ նա այնպես լուռ էր, ինչո՞ւ ոչինչ չէր խոսում։ Այդ էր, որ տխրացրեց խելացի անասունին։