Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա պչրանքից ոչինչ պակաս չէր, որ պատճառ տար վշտանալու նրան։ Գլուխը զարդարած էր փոքրիկ, վարդագույն փունջերով, որ բռնված էին արծաթյա, զանգակաձև կոճակների մեջ։ Պա¬րանոցին կպած ուներ նույնպես արծաթյա փողապատը (ռաշմա), որի փոքրիկ փուչիկները, գլխի ամեն մի շարժման միջոցին, ախորժելի ձայներ էին հանում։ Իսկ պարանոցի ներքին մասը զարդարած էր գույնզգույն հուլունքներով շարած մանյակով, որ վերջանում էր եռանկյունաձև թալիսմանով, որ ընկած էր ուղիղ լայն կուրծքի վրա։ Այդ ապահովացնում էր նրա կյանքը չար աչքից կամ չար պատահարից։ Ասպանդակները և թամբի ղաշը շինված էին զուտ արծաթից, իսկ ամբողջ թամբը պատած էր ընձու մորթով։

Երկու միագույն բարակներ, թանկագին վզկապներով, վազում էին իշխանի առջևից, իսկ ետևից գալիս էին երկու զինակիրներ, որոնց յուրաքանչյուրի ձեռքի վրա նստած էր մի֊մի բազե։

Զինակիրները նույնպես զարմանում էին իշխանի լռության վրա, նկատելով, որ նա խորին ինքնամոռացության մեջ քշում էր յուր ձին, առանց հետաքրքրվելու յուր շրջակայքով, առանց հետաքրքրվելու և զանազան երեներով, որ ճանապարհին հաճախ հանդիպում էին նրանը։ Ճանապարհը գնում էր մի ձորի միջով, որի աջ ու ձախ կողմերի լեռները պատած էին խիտ անտառով։ Արևի պայծառ ճառագայթները չէին թափանցում ծառերի սաղարթախիտ ոստերի միջով, որոնք, ճանապարհի երկու կողմից մոտենալով, գրկվել էին, հյուսվել էին միմյանց հետ և կազմել էին մի կենդանի, կանաչազարդ կամար։ Տեղ֊տեղ լայնանում էր ձորը և նրանց առջև բացվում էին կանաչ, թավիշապատ մարգեր, սփռված գույնզգույն ծաղիկներով։

Քա՜ղցր էր թռչունների վաղորդյան աղմուկը, քա՜ղցր էր տերևների մեղմ սոսափյունը, և ավելի քաղցր մրմնջում էր լեռնային գետակը, որ շտապով վազում էին թփապատ ափերի միջով։ Ամեն ինչ ազդում էր բերկրություն, ամեն ինչ շնչում էր կյանք և ուրախություն, միայն Սամվելի սիրտը ալեկոծվում էր խորին դառնությամբ։ Քանի որ մտաբերում էր նա գալոց աղետները, չարիքը յուր բոլոր ընդարձակությամբ մեծանում էր նրա աչքում։ «Ո՛վ գիտե,— մտածում էր նա,— գուցե շուտով կհասնի այն օրը, որ այդ գեղեցիկ անտառների խաղաղությունը կվրդովվի անհնարին խռովությամբ, մահվան հոտ կբուրե այդ սիրուն ծաղիկների