Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եզրում, կանգնում էին և, երբ նա մոտենում էր, խոնարհությամբ գլուխ էին տալիս, և այնքան սպասում էին, մինչև անցնում էր: Սամվելը բոլորի համար խոսք ուներ, բոլորին ողջունում էր և բոլորի առողջությունը հարցնում էր։ Իսկ ձիաների կամ ջորիների վրա նստածները ցած էին իջնում երիվարներից, նույնպես դուրս էին գալիս ճանապարհից և խոնարհ դեմքով կանգնում էին իրանց գրաստների կողքին, երբ նա մոտենում էր, գլուխ էին տալիս: Այդ սովորությունը սաստիկ ատում էր Սամվելը, և այդ էր պատճառը, որ նա հեռվից ձեռքով նշան էր տալիս, որ չանհանգստացնեն իրանց։ Բայց նրանք չէին դադարում արժանավոր հարգանքը մատուցանել իրանց երիտասարդ իշխանին։

Սամվելը շատ սիրված էր ժողովրդից։ Նրա քաղցր ու մեղմ բնավորությունը, նրա անսահման գութն ու բարությունը` թե դեպի շինականը և թե դեպի քաղաքացին` նրա անձը պաշտելի էին կացուցել։ Նա չուներ ուրիշ նախարարական տների մեծամիտ երիտասարդների ոչ անգթությունը, և ոչ արհամարհանքը, որոնց աչքում իրանց ազնվարյուն նժույգը, շունը, բազեն ավելի արժանավորություն ունեին, քան թե ռամիկը։ Այդ էր պատճառը, որ շինականների մեջ մի տեսակ օտարոտի կարծիք էր կազմվել Սամվելի մասին. «Կարծես իշխան չլինի,— ասում էին նրանք,— ոչ ծեծում է և ոչ հայհոյում է»։

Դուրս գալով ձորից, ճանապարհը թեքվեցավ դեպի լեռնային զառիվայրը, և այստեղից բացվեցավ Սամվելի առջև Մուշի լայնածավալ դաշտը։ Ներքևում, մթին, նվիրական ծառաստանի միջից հազիվ երևում էին Աշտիշատի վանքի բարձր գմբեթները, իսկ վանքի մոտ տարածվում էր համանուն ավանը, որ ավելի մի փոքրիկ քաղաքի տպավորություն էր գործում։ Այդ ավանը Մամիկոնյանների սեփականությունն էր։

Մի մարդ, երկար գերանդին ուսին գրած, դանդաղ քայլերով առջևից դնում էր դեպի ավանը։ Նա եղանակում էր մի երգ, որի բառերը կլանվում էին զգացմունքի և ուրախ հնչյունների խորին հոսանքի մեջ։ Նա այն աստիճան գրավված էր յուր երգով, որ բնավ չէր լսում յուր ետևից տրոփող սմբակների ձայնը, մինչև Սամվելը կոչեց նրան.

— Մալխա՛ս...

Գյուղացին ետ նայեց և, տեսնելով իշխանին, ուրախ դեմքով մոտեցավ, մտերմաբար բռնեց նժույգի սանձից և կանգնեց