Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճարտարության գեղեցիկ գործը ոչնչացավ... Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ։

Ոսկին, արծաթը, մարմարիոնը հեշտ էր կործանել, բայց այն զգացմունքը, որ միացած էր ժողովրդի սրտի և հոգու հետ, այն հավատը, որ նա ուներ դեպի յուր հայրենական աստվածները— դրանք դեռ մնում էին և մնացին շատ դարեր այդ կործանումից հետո։ Սուրը և հուրը չկարողացան ոչնչացնել նրանց։ Կրոնը փոխվեցավ, բայց ժողովրդի վաղեմի սովորությունները մնացին։ Դրանք այն տաճարներն էին, որտեղ նավասարդի սկզբում կատարվում էր Վարդավառի աշխարհախումբ տոնախմբությունը։ Այդ տոնախմբությունը հեթանոսական դարերում կատարվում էր տարվա մեջ յոթն անգամ, և ամեն անգամին թե թագավորը, և թե մեծ քրմապետը ներկա էին գտնվում։

Լուսավորիչը նույն տաճարների տեղում հիմնեց առաջին սրբության սեղանը և Հայաստանի առաջին Մայր եկեղեցին, որ, պահպանելով յուր հին անունը, կոչվում էր Աշտիշատի վանք։ Վարդավառի տոնախմբությանը փոխեց Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնախմբությունով։ Բայց «Վարդավառի» նախնական սովորությունները մնացին։ Դարձյալ տարին յոթն անգամ հայտնվում էր այնտեղ հայոց քրիստոնյա թագավորը յուր նախարարների և հայոց մեծ քահանայապետի հետ և բաց էին անում Աշտիշատի վանքի աշխարհախումբ տոնախմբության հանդեսը։ Դարձյալ զոհեր էին մատուցանում, աղավնիներ էին թռցնում և ջուր էին սրսկում միմյանց վրա։ Դարձյալ կատարվում էին նույն խաղերը, նույն մրցությունները և նույն պարգևաբաշխությունները, որ լինում էին հեթանոսական դարերում։ Դարձյալ նույն վարդերը, որ մի ժամանակ զարդարում էին Աստղկա տաճարը, հետո նույնպես զարդարում էին Աշտիշատի վանքի սուրբ սեղանը։ Եվ այդ տոնը դարձյալ կատարվում էր Նավասարդ ամսի սկզբում և կոչվում էր Վարդավառի տոնախմբություն։

Այդ բոլորը գիտեր Սամվելը, այդ բոլոր հանդեսներին մասնակցել էր նա։ Ոչ սակավ անգամ՝ խաղերի կամ մրցությունների ժամանակ՝ ստացել էր նա առաջին մրցանակը։ Ոչ սակավ անգամ հայոց թագավորը համբուրել էր նրա ճակատը, կատարած քաջությունը տեսնելով։

Իսկ այժմ ներկայանում էր մի նոր կրոնական պատերազմ։ Արդյոք ինչպե՞ս կմասնակցեր այդ պատերազմին ժողովուրդը, այն