Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժ

ԵՐԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈԻԺԵՐ

Աշտիշատի վանքի խուցերից մեկում, գիշերային այն պահուն, երբ բոլոր միաբանները քնած էին, ընդարձակ թախտի վյրա նստել էին երեք երիտասարդներ։ Պղնձյա աշտանակի վրա վառվում էր ձիթային ճրագը և յուր գունաթափ լուսով լուսավորում էր այդ երեք բազմահոգ դեմքերը։ Երեքն էլ լուռ էին, յուրաքանչյուրը խորասուզված էր յուր մեջ։ Երեքի դեմքերից ևս` երևում էր, որ այդ լռությունը մի տեսակ զինադուլ էր, որ փոքր-ինչ շունչ առնեն, հանգստանան, որպեսզի նորից շարունակեն ընդհատված վիճաբանությունը։

Երիտասարդներից մեկը` հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ դեմքով մի տղամարդ էր, որի կերպարանքի մեջ մեծությունը այն աստիճան սերտ ներդաշնակություն էր կազմում վայելչության հետ, որ ներկայացնում էր գեղեցկությունը յուր վսեմ, այրական ձևի մեջ։ Երկրորդը, ընդհակառակն, ավելի կարճահասակ կարելի էր համարել, քան թե միջահասակ, և ավելի նրբակազմ, քան թե հաղթանդամ։ Իսկ այդ քնքուշ կազմ¬ վածքի վրա բնությունը, կարծես, սխալմամբ դրել էր մի շնորհալի գլուխ, որին մի հարուստ, հոյակապ մարմին ավելի պատշաճ կլիներ։ Կրակոտ աչքերի մեջ նշմարվում էր եռանդ և դյուրաբորբոք բնավորություն։

Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը' Մեսրոպ Մաշտոցը։ Իսկ երրորդը՝ Սամվելը։

Սահակ Պարթևը Հայաստանի հզոր քահանայապետի` Ներսես Մեծի որդին էր։ Մանկության հասակում, վերջացնելով յուր ուսումը Կեսարիայում, և ծանոթանալով հույն և ասորի լեզուների հետ, հետո գնաց Կ. Պոլիս, այնտեղ ավելի կատարելագործվեցավ հելլենական կրթության մեջ, սովորելով փիլիսոփայություն,