Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է վերաբերել ո՛չ այնքան նրանց տաղանդին, որքան նյութերի այն ահագին պաշարին, որ պատրաստել էր նրանց համար նախընթաց գրականությունը։ Այդ երջանիկ վիպասաններին մնում էր միայն օգուտ քաղել արդեն պատրաստի նյութերից։ Բայց հայոց դժբախտ վիպասանը ի՞նչ ունի։ Նա պետք է ուժ տա յուր երևակայությանը, իսկ լոկ երևակայությունը մի ճիշտ պատմական վեպ նկարել չէ կարող։

Մեր գրականության չքավորության մեջ, անհրաժեշտ նյութերի պակասության մեջ, խոստովանվում եմ, որ իմ կողմից մեծ վստահություն էր՝ ձեռնարկել մի վեպ գրելու, որ նա պատմական ճիշտ նշանակություն ունենար։ Բայց «Uամվելը» վաղուց իմ մտածությունների առարկան էր դարձել։ Խրախուսվելով այն գաղափարով, թե ո՛րքան մեծ կրթողական ազդեցություն ունի պատմական վեպը ընթերցողի համար, երբ նա տեսնում է յուր նախնյաց մեծագործությունները և աշխատում է հետևել նրանց առաքինություններին, տեսնում է նրանց մոլությունները, աշխատում է հեռու պահել իրան նրանց կատարած սխալներից, — այդ միտքը քաջալերեց ինձ։ Ես սկսեցի գրել։ Բայց թե ի՞նչ աղբյուրներից եմ օգուտ քաղել, ավելորդ չեմ համարում բացատրել իմ ընթերցողներին։

Նախ, ես օգուտ եմ քաղել այն հիշատակարաններից, որքան հաջողվել է ինձ գտնել մեր ազգային և օտարազգի գրականության մեջ։ Երկրորդ, իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես օգուտ եմ քաղել ներկա հայի կյանքից, այն չափով միայն, ինչ չափով պահպանվել է նա յուր նախնական ձևի մեջ։ Եթե մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Քսենոփոնի 24 դար առաջ նկարագրած գետնափոր խրճիթները, եթե մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Հերոդոտոսի 24 դար առաջ նկարագրած մաշկապատ նավակները Եփրատ գետի վրա, ինչու պետք է չմտածել, որ դեռ շատ բան չէ փոխվել հայոց աշխարհում։ Նոր քաղաքակրթությունը կարող էր ոչնչացնել, ինչ որ նախնական էր, ինչ որ հին դրոշմ էր կրում։ Բայց Հայաստանում դեռ մնացել են այնպիսի խուլ, առանձնացած տեղեր, ուր ժողովուրդը դեռ ապրում է յուր վաղեմի, ավանդական սովորություններով։ Այդ տեղերը ես առիթ եմ ունեցել տեսնելու և նրանց կյանքը ուսումնասիրելու։

Համարելով հայերին միևնույն ցեղին պատկանող և ոչ այնքան տարբեր կյանքով ապրող մի ժողովուրդ, որպիսի էին հին պարսիկները և մեդացիները, ես առել եմ շատ բան պարսիկների