Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրանց հայրենիքի համար։ Իրանց ամբողջ կյանքում պատերազմեցին նրանք վայրենի նախապաշարմունքների դեմ, և նույն պատերազմի մեջ ընկան իրանք... Եվ այդ բոլորովին չէ վշտացնում ինձ։ Նրանց վախճանը պետք է այդպես լիներ, որպեսզի նրանց արյունով ծլեին, աճեին և ծաղկեին այն սրբազան սերմերը, որ ցանեցին հայրենի հողի վրա․․․

Մեսրոպը լռությամբ լսում էր, իսկ Սամվելի դեմքի վրա նշմարվում էր մի անսովոր անհանգստություն։

Մեծ քահանայապետի վեհազնյա որդին այդ խոսքերով վերջացրեց յուր տխուր բացատրությունները.

— Եթե մի օր նախախնամ ողի կամքը՝ իմ նախահարց նման՝ կկոչե ինձ Հայաստանի հայրապետական աթոռի վրա, իմ առաջին հոգսը կլինի՝ հայոց եկեղեցու ընթերցվածները մայրենի լեզվի վերածել և հայ ժողովրդի կրթության գործը ազգային բուն հիմունքների վրա դնել։

— Իսկ իմ գործը կլինի,— ավելացրեց Մեսրոպը,— վերաստեղծել հայոց մոռացված տառերը և ազատել մեր հասարակությունը մեզ համար խորթ՝ հույն, ասորի և պարսիկ դպրությունից։

Ո՞վ կարող էր մտածել, որ այդ գիշերվա ջերմ վիճաբանություններից քսանևերեք տարի հետո, այդ երկու նշանավոր տաղանդները կկատարեին իրանց ուխտը և սկիզբ կդնեն հայոց մեծ լուսավորության ոսկյա դարին...

Դուռը կամաց բացվեցավ, սենյակում հայտնվեցան երկու աբեղաներ, որոնք, կանգնելով առաջինների առջև, ասացին միաձայն.

— Բոլորը լսեցինք։ Իսկ մենք պետք է ապացուցանենք, որ հույնը և ասորին այնքան վատ չեն, որքան դուք կարծում եք․․․

Երկուսն էլ վանքի միաբաններից էին՝ մեկը հույն էր ազգով, մյուսը՝ ասորի։ Առաջինը Եպիփանն էր, երկրորդը՝ Շալիտան։

ԺԱ

ԽՈՐԹ ՄԱՅՐ

Մյուս օրը Ողական ամրոցը գտնվում էր արտակարգ ուրախության մեջ։ Ծառաները սովորականից լավ էին զարդարված, աղախինները վառվում էին գույնզգույն պչրանքներով և մինչև ան¬