Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լուսամուտների մեջ, մեծ ծաղկամաններով, դրված էին ամենաթարմ փունջերը։

Տիկինը նստած էր յուր սովորական փափուկ գահավորակի վրա և բաց լուսամուտից նայում էր դեպի յուր առջևը բացվող լայնածավալ հեռաստանը։ Այստեղից երևում էր, ծառերի խտության մեջ թաքնված, ճանապարհի մի մասը, որ բերում էր Աշտիշատի վանքից դեպի ամրոցը։ Տիկնոջ մտահույզ աչքերը հառած էին այդ ճանապարհի վրա։ Նա խորին վրդովմունքով սպասում էր Սահակի գալստյանը, որ պիտի անցներ այն տեղով։ Նա երազում էր և այն երջանիկ օրը, երբ այդ ճանապարհով կհայտնվեր սիրելի ամուսինը, յուր հետ բերելով նոր բախտ և մեծություն․․․

Նրա մոտ նստած էր մի այլ կին, ավելի մանկահասակ, ավելի նազելի։ Անմեղությունը և հեզությունը կաթում էր այդ սիրուն կնոջ վարդագույն շրթունքներից։ Նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ այնքան քաղցրություն կար, որ, կարծես, բարության ծով լինեին։ Ճակատի վրա փայլում էր պարսից արքայական նշանը — մի կիսաարփի ոսկյա ճաճանչներով։ Եվ իրավ, նա պարսից արքայական տոհմից՝ հղոր Շապուհի քույր Որմիզդուխտն էր։

Դա Վահան Մամիկոնյանի երկրորդ կինն էր, իսկ Սամվելի՝ խորթ մայրը։

Այդ գեղեցիկ կինը գերեց Սամվելի հոր սիրտը, այդ գեղեցիկ կինը կապեց Սամվելի հորը թե պարսից արքունիքի և թե պարսից կրոնի հետ և, վերջապես, այդ գեղեցիկ կնոջ միջոցով Շապուհը որսաց Մամիկոնյան նախարարներից մի հավատարիմ գործակից...

Բազմակնությունը հայոց նախարարների մեջ սովորական բան էր։ Բացի օրինավոր կանանցից, նրանք պահում էին և բազմաթիվ հարճեր։

Սամվելի հայրը ամուսնացավ Որմիզդուխտի հետ այն ժամանակ, երբ Արշակավանի դժբախտ վախճանից հետո Ներսես Մեծը հաշտեցրեց Արշակ թագավորին յուր նախարարների հետ, բայց Սամվելի հայրը և Մերուժան Արծրունին չհաշտվեցան, այլ երկուսն էլ բաժանվեցան նախարարների միաբանությունից և, թողնելով Արշակին, դիմեցին Տիզբոն և պարսից Շապուհ արքային անձնատուր եղան։

Այսօր միևնույն ընտանիքի երկու տանտիկինները նստած էին միասին, մի գահավորակի վրա։ Որմիզդուխտը — Սամվելի խորթ մայրը և Տաճատուհին — Սամվելի հարազատ մայրը։ Դրանք երկու անհաշտ ախոյաններ էին։ Ախոյաններ, որպես միևնույն ամուսնի