Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրույն բաժանորդ՝ երկու խանդոտ կանայք, ախոյաններ, որպես բարձր ծագումի երկու հզոր ներկայացուցիչներ։ Ավելի ճիշտ հաշվով, պետք է Սամվելի մայրը խոնարհվեր, տեղի տար արքայադստեր պահանջներին։ Սամվելի մայրը Մերուժան Արծրունու քույրն էր, իսկ Որմիզդուխտը՝ Շապուհ արքայի քույրը։ Բայց, հանգամանքների շնորհիվ, այդ հաշվից բոլորովին հակառակ հետևանք էր դուրս եկել։ Սամվելի մայրը, այդ խստասիրտ և գոռոզ Արծրունին, օգուտ քաղելով Որմիզդուխտի մեղմ և դյուրաթեք բնավորությունից, ոչ միայն կարողացել էր պահպանել յուր տիկնանց-տիկնության փառքն ու բարձրությունը, այլ մինչև անգամ հաջողացրել էր Որմիզդուխտին յուր ազդեցության տակ դնել։ Այդ էր պատճառը, որ այսօր Որմիզդուխտի ներկայությունը համարյա մոռացված էր Uամվելի մոր համար, որ դեռևս շարունակում էր լուսամատից նայել դեպի Աշտիշատի ուղին, և նրա վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում։

Նրա ուշադրությունը գրավել էր մի միտք, որ սաստիկ հուզում էր նրան։ Սահակի անակնկալ հայտնվիլը Տարոնում՝ զանազան մթին տարակուսանքների մեջ էր դրել նրան։ — «Յուր կալվածքներին տեսություն անելու համար է եկել...— մտածում էր նա,— այդ ի՞նչ է նշանակում։ Այդ բախտավոր մարդիկը՝ առանց սրի և առանց արյունի՝ այնքան շատ կալվածքներ ունեն, որ չեն էլ մտաբերում, թե որտեղ ունեն, և երբեք նրանց երեսը չեն տեսնում։ Անտարակույս, մի այլ նպատակ պետք է թաքնված լինի Սահակի այցելությունների մեջ»...

Որմիզդուխտը արդեն սկսել էր ձանձրանալ։ Մի քանի րոպե նրան զբաղեցրեց ուրախ ծիծեռնակը, որ բաց լուսամուտից ներս սլացավ, ճըլվլաց, ճըթճըթաց, մի քանի պտույտներ, մի քանի շրջաններ գծեց ընդարձակ դահլիճի մեջ և ապա նստեց պղնձյա կիսարձանի գլխին, որ դրած էր մարմարիոնի պատվանդանի վրա։ Դա Մամիկոնյանների նախահոր, Մամգունի անդրին էր։ Մի առանձին հետաքրքրությամբ այդ բարձրությունից նայում էր բնության հարազատը դեպի յուր ճոխ և հարուստ շրջապատը, նայում էր և երկու մտախոհ կանանց վրա։ Երբ ոչինչ բավականություն չգտավ, կրկին թռավ նստած տեղից, կրկին մի քանի պտույտներ գործեց և ապա, շարունակելով յուր երգը, դուրս նետվեցավ բաց լուսամուտից։

Որմիզդուխտը այսօր հյուր էր կանչված Սամվելի մոր մոտ։ Նա ուներ յուր առանձին բնակարանը։ Ամրոցի համարյա քառորդ