Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասը բռնել էր նա յուր աղախինների, ներքինիների և ծառաների բազմությամբ, որոնք բոլորն էլ պարսիկներ էին։ Եղբայրը նրան Հայաստան ճանապարհ ղնելու ժամանակ` դրեց նրա հետ, իբրև օժիտ, այլ հարստությանց թվում` և սպասավորների մի ամբողջ քարավան։ Իբրև օժիտ ստացավ նա այլև Ասորեստանի սահմանի մոտ, Տիգրիսի աջ ափերի վրա, արդյունաբեր դաստակերտներ, գյուղեր և ավաններ։

Յուր ձանձրությունը փարատելու համար, երբեմն վեր էր առնում նա յուր մոտ դրված գեղեցիկ հովհարը, որ պատրաստված էր սիրամարգի փետուրներից և բռնված էր փղոսկրյա կոթի մեջ, և նրանով զովացնում էր տհաճությունից բորբոքված դեմքը։ Այդ գործողոլթյան միջոցին նրա հոլանի բազուկների վրա կապված մարջանի կարմիր շարքերը ախորժելի ձայներ էին հանում։ Սամվելի մայրը դեռ շարունակում էր նայել լուսամուտից։ Որմիզդուխտը յուր ներկայությունը հիշեցնել տալու համար, հարցրեց.

— Միայնա՞կ է գալու Սահակը։

— Նրա հետ կլինի և յուր հոր քարտուղարը` Մեսրոպր, — պատասխանեց նա, դառնալով դեպի յուր մոռացված հյուրը։

— Ես Մեսրոպին չեմ տեսել,— ասաց Որմիզդուխտը։

— Շուտով կտեսնես, մի սիրո՛ւն, նախշունի՛կ երիտասարդ է։

Վերջին երկու բառերի վրա մի առանձին եղանակով շեշտեց Տաճատուհին։ Որմիզդուխտը այլայլվեցավ։

Խոսում էին պարսկերեն։

— Սահակը նույնպես սիրուն երիտասարդ է,— նկատեց նա:

— Եվ ավելի սիրուն, քան թե Մեսրոպը,— ավելացրեց Տաճատուհին դառն ժպիտով։

Ներս մտավ Սամվելը։

— Բարև, Որմիզդուխտ, բարև, մայր իմ,— ասաց նա և շնորհալի կերպով մոտեցավ, նախ մոր ձեռքը համբուրեց և ապա Որմիզդուխտի։

Սամվելի հայտնվելը փարատեց Որմիզդուխտի ձանձրույթը և նրա սիրուն դեմքի վրա նշմարվեցավ նկատելի ուրախություն։

— Ի՞նշ եղան «քո» հյուրերը,— հարցրեց մայրը մի առանձին հանգով։

Սամվելը մոտեցավ լուսամատին, այնտեղից նայեց դեպի հանդիպակաց աշտարակը, որի կողքին ագուցած էր արևի քարյա ժամացույցը, և ասաց.

— Փոքր֊ինչ ուշացան, երևի, շուտով կգան։ Հիմա հասկա