Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես հին հայերի մեջ, նույնպես պարսիկների մեջ, նույն սովորությունն էր տիրում. թեև աղջիկները առանձին անուն ունեին, բայց այղ անունները չէին գործածվում, այլ սովորաբար կրում էին իրանց հոր անունը։ Շապուհ արքայի հայրը Որմիզդն էր և նրա բոլոր աղջիկները կոչվում էին Որմիզդ-դուխտ, որ նշանակում է Որմիզդի դուստր։ Հայոց Սան-ա-տրուկ արքայի դուստրը կոչվում էր Սան-դուխտ, սուրբ Վարդան Մամիկոնյանի դուստրը՝ Վարդան-դուխտ, Սահակ Պարթևի (քահանայապետի) դուստրը՝ Սահակ-անույշ, Սմբատ Բագրատունու դուստրը՝ Սմրատ-ուհի։

Այսպես էլ Շապուհի երկու քույրերը, որոնց մեկը կնության էր տված Սամվելի հորը, Վահան Մամիկոնյանին, իսկ մյուսը՝ Մերուժան Արծրունուն, կոչվում էին իրանց հոր, Որմիզդի անունով Որմիզդուխտ։


Հայաստանը, եթե ոչ կլանելու, գեթ յուր գերիշխանության ներքո պահելու համար, պարսից արքունիքը նույն քաղաքականությանն էր հետևում, ինչ քաղաքականություն որ գործ էր դնում հռոմեական կայսրությունը։ Վալենտիանոս կայսրը, Հայաստանը դեպի յուր կողմը ձգելու համար, յուր ազգականներից Ոլիմպիատա օրիորդին կնության տվեց հայոց Արշակ թագավորին։ Իսկ Շապուհ արքան, նրա հակառակ, յուր երկու քույրերին կնության տվեց Արշակի երկու նշանավոր նախարարներին — Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին — և նրանց ապստամբեցրեց իրանց թագավորի դեմ։

Արծրունյաց նախարարության երկիրը ընդարձակ Վասպուրականն էր, իսկ Մամիկոնյան նախարարության երկիրը՝ Տարոնը։ Վասպուրականը Ատրպատականի կողմից, իսկ Տարոնը Ասորեստանի կողմից շատ մոտ էին պարսից սահմաններին։ Շապուհ արքան յսւր երկու քույրերի միջոցով երկու մեծ դռներ բաց արեց այդ կողմերից Հայաստան մտնելու։

— Մի այլ ուրախալի նորություն ևս, Որմիզդուխտ,— խոսեց Սամվելը, ուշադրություն չդարձնելով յուր մոր դժկամության վրա. — քո քույրը շուտով հայոց թագուհի կդառնա...

— Ա՜խ, ինչ ես ասում,— ձայն տվեց Որմիզդուխտը և ուրախությունից այն աստիճան շփոթվեցավ, որ մոռանալով յուր ամոթխածությունը, մի անմեղ թիթեռնիկի նման վեր ցատկեց նստած տեղից և, փաթաթվելով Սամվելի պարանոցին, երկար բաց չէր թողնում յուր գրկից, անդադար հարցնելով ճշմարիտ է․․․ ճշմարի՞տ է... դու հանաք ես անում, Սամվել․․․