Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նպատակների գործիր դառնալու մեջ բոլորովին անընդունակ էին։ Նրանք ծառայում էին ավելի իբրև մի մեքենական օղակ իրանց ամուսիններին արքունիքի հետ կապելու համար, իսկ իրանք սեփական գիտակցություն չունեին։ Սամվելի երկար բացատրությունները, որ այնքան զգացմունքով արտասանեց նա լուսամուտի հանդեպ կանգնած ժամանակ, ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ մի փորձ, հասկանալու համար Որմիզդուխտի համակրությունը կամ հակակրությունը, թե ինչպես կվերաբերվի նա դեպի յուր եղբոր ձեռնարկությունները։ Նրան, իբրև պարսկուհու և իբրև հեթանոսի, ավելի պետք է գրավեին կատարվելիք գործերը, բայց նա ուշադրություն անգամ չդարձրեց։ Եվ ինչ որ նրան ավելի պետք է հետաքրքրեր և ինչ բանի մեջ նա ավելի պետք է յուր ազդեցությունը գործ դներ, ընդհակառակն գործ էր դնում Սամվելի հարազատ մայրը։ Եվ այդ էր, որ այնպես սաստիկ վրդովեցնում էր որդուն։

Լսելի եղավ շեփորի ձայն։

Սամվելը ցնցվեցավ։ Ցնցվեցավ և նրա մայրը։ Վերջինը աչքերը սրբեց և սկսեց նայել լուսամուտից։ Սամվելը նույնպես մոտեցավ մյուս լուսամուտին։

Աշտիշատի վանքից դեպի ամրոցը բերող ճանապարհի վրա երևաց մի ստվար ասպախումբ։ Արևի առջև փայլում էին նրանց զենքերն ու զարդերը։ Երբ մոտեցավ ամրոցին հնչեցրին շեփորը։Սամվելը դուրս գնաց ընդունելու յուր վեհազնյա հյուրին։


ԺԲ

ԱՆՀԱՋՈՂ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հյուրերի երևնալը ընդմիջեց այն անակնկալ կռիվը, որ տեղի ունեցավ մոր և որդու մեջ։ Մամիկոնյան տիկինը դարձյալ ընդունեց յուր սովորական հպարտ դեմքը և, Սամվելի դուրս գալուց հետո, անհանգիստ կերպով շրջում էր դահլիճի մեջ, մինչև նրանք ներս կմտնեին և կհամբուրեին յուր աջը։

Բայց նրանք ուշացան։

Նա կանչել տվեց տաճարապետին։

Ներս մտավ մի միջահասակ ոստանիկ, որը տան տնտեսը,

7 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. VII