Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եվ Մուշեղը համաձայնվեցա՜վ գալու։

— Համաձայնվեցավ... Սամվելի հետ նա այդպես է...

Վերջին խոսքերի միջոցին բանսարկուն ձեռքերը մոտեցրեց և երկու ցուցամատները կցեց միմյանց հետ, որ միության նշան էր։

Միևնույն ամրոցում ապրող Մամիկոնյան երեք եղբայրների — Վարդանի, Վասակի և Վահանի ընտանիքները թեև առերես բարեկամ էին, բայց ի ներքուստ թշնամական հարաբերությանը մեջ էին։ Եվ այդ ոխերիմ թշնամությունը ուներ յուր աղետալի պատճառները. Վասակը սպանել էր յուր հարազատ եղբորը Վարդանին, իսկ Վահանը՝ Սամվելի հայրը՝ մատնելով եղբայրասպան Վասակին Շապուհ արքայի ձեռքը՝ նույնպես սպանել տվեց։ Այդ տան մեջ արյան թշնամություն կար,— ընտանեկան անմոռանալի վրեժխնդրության թշնամություն...

Բայց կեղծ-ազնվապետական քաղաքավարությունը սքողում էր այդ թշնամությունը։ Տիկնոջը վրդովեցրեց ոչ այնքան Սամվելի՝ Մուշեղին ճաշի հրավիրելը, որ նրա հորեղբայր Վասակի որդին էր, որքան ներքինապետի հաղորդած այն տեղեկությունը, թե Սահակ Պարթևը գնաց նախ տիկին Զարուհիի ձեռքը համբուրելու։ Այդ սգավոր տիկինը սպանված Վարդան Մամիկոնյանի այրին էր։ Իսկ Սահակը, որպես նախընթաց գլխում ցույց տվինք, այդ Վարդանի դստեր որդին էր։ Այդ էր պատճառը, որ Սահակը սովորություն ուներ ամեն անգամ, երբ նրան պատահում էր յուր քեռիների ամրոցը գալ, նախ մտնել տիկին Զարուհիի մոտ, մխիթարել նրան և յուր հարգանքը հայտնել յուր սգավոր քեռակնոջը։ Եվ այդ սաստիկ բարկացնում էր Սամվելի մորը։ «Ամեն անգամ, երբ այդ գոռոզ Պարթևը հայտնվում է մեր ամրոցում, միշտ մի առիթ է գտնում ինձ վիրավորելու»... մտածում էր նա և ուռած շրթունքները դողում էին սրտի խռովությունից։

— Որմիզդուխտի մասին մի բան չիմացա՞ր,— դարձավ նա դեպի ներքինապետը։

— Նա հիվանդ է...

— Ուրեմն ճաշի չի՞ գա։

— Եթե առողջ ևս լիներ, չէր դա...— ասաց ներքինապետը և նրա երեսի կնճռոտ կաշին, ավելի կծկվելով, ծիծաղի նման մի բան ձևացրեց խորամանկ դեմքի վրա։

Իսկ Սամվելի մոր դեմքը փայլեց անկեղծ ուրախությամբ, երբ իմացավ, որ Որմիզդուխտը ճաշին չի լինի։ Գեղեցիկ, քաղցրաբարո կինը, մանկահասակ հյուրերի շրջանում, կարող էր ստվեր ձգել