Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովուրդը բնակեցնել իր տեղում, այսուամենայնիվ, լեզգիները թողեցին Ավղանից և Սյունյաց աշխարհներում բարբարոսության սարսափելի հետքեր։

Անցավ տագնապը, անցավ կոտորածը, ժողովուրդը մոռացավ բոլորը։ Կրկին սկսվեցավ սովորական վշտալի կյանքը։

Բայց մի երիտասարդ չէր կարող մոռանալ այդ բոլոր գազանային անգթությունները։ Նա տեսնում էր այն գեղեցիկ երկիրը, ուր ահռելի ամրոցների փլատակները, ուր հոյակապ վանքերի բեկորները, ուր պալատների փշրանքները, ուր ամեն մի լեռ, ամեն մի գետ հիշեցնում էին նրան հայ մարդու վաղեմի փառքը։ Իսկ այժմ Ի՞նչ էր մնացել։— Մի ստրուկ ժողովուրդ, որը, կարծես, հավիտենական անեծքով դատապարտված, մի լավ օր տեսնելու բախտ չուներ։ Նրա վաստակը ձեռքից խլում էին, նրան ամեն կերպ տանջում էին. նա մինչև անգամ իր կնոջ, իր զավակների տերը չէր։ Նա տեսնում էր հայ իշխաններին, որոնց պարսիկները մելիքներ էին կոչում, որոնց վրա էր դրված ժողովրդի հոգաբարձությունը, որոնք պետք է սրբեին նրա արտասուքը և դարման տանեին խեղճ գյուղացու դառն ցավերին։ Բայց միմյանց հետ անհաշտ, անվերջ թշնամություններով, այդ իշխանները ավելի իրանք էին ծանրացնում ժողովրդի ստրկության լուծը։ Մատնությունը, միմյանց դավաճանելը, միմյանց վնասելր նրանց ամենօրյա գործն էր, իսկ մեջտեղում ոչնչանում էր ողորմելի ժողովուրդը։ Եվ եթե կային նրանց մեջ այնպիսիները, որոնք ճշմարիտ սիրում էին ժողովուրդը, սիրում էին հայրենիքը և ցանկանում էին նրա թշվառ դրությանը միճար անել, բայց ընդհանուր անկարգության, ընդհանուր ապականության մեջ նրանց եռանդը թուլանում էր, նրանց իղձը իրանց սրտում խեղդվում էր։

Երիտասարդը իր չորս կողմը տեսնում էր թե հոգեկան և թե բարոյական խորին դատարկություն։ Նա աչք էր դարձնում դեպի էջմիածինը, դեպի ընդհանուր հայոց Մայր Աթոռը, այնտեղ ևս միևնույն անկարգություններն էր նկատում,— միաբանների մեջ երկպառակության, կաշառք, մատնություն, դավադրություն և ամեն ինչ, որ սուրբ չէ, որ անարգ է, որ զզվելի է... էջմիածինը այդ ժամանակ գտնվում էր օսմանցիների իշխանության ներքո։ Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը, խույս տալով էջմիածնի խռովություններից, ծածուկ թափառում էր Արարատա գյուղերում։ Էջմիածնի աթոռը մնացած էր թափուր, որ պատճառ էր տալիս ավելի սաստիկ խռովությունների։ Կ. Պոլսի հայոց