Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համեցեք չէին անում, որովհետև նրա անմաքուր շրթունքը կարող էր պղծել չիբուխը։

– Ո՛վ ուղղափառների սուրբերից ամենասուրբը, մեկ խնդիրք ունեմ,– ասաց վերջապես մելիքը բացականչական եղանակով։

Քրիստոնյա մելիքի այս եղանակով դիմելը պարսից կրոնավորին, բավական հաճոյական երևեցավ նրան, և ընդհատելով իր խոսակցությունը դերվիշի հետ, հարցրեց.

– Ի՞նչ եք հրամայում։

– Քանի գիշեր է,– պատասխանեց մելիքը,– ինձ անհանգստացնում է մի երազ, հենց որ պառկում եմ, միշտ միևնույն երազն եմ տեսնում։ Այդ երազի մեկնությունը ոչ ոք կարող է տալ ինձ, բացի ուղղափառների սուրբից, որի մոտ պահված են բոլոր գիտությունները, բոլոր երևելի և աներևույթ էակների գաղտնիքները։ Եթե ձեր սրբությունը կբարեհաճի, ես կպատմեմ իմ երազը։

Իմամը թույլ տվեց նրան պատմել, համեստությամբ հայտնելով, թե ինքը գիտության անսահման օվկիանոսից մի քանի կաթիլի միայն արժանացած է, բայց աստուծո և մարգարեի օգնությամբ կաշխատե նրան բավականացուցիչ բացատրություններ տալ։

Մելիքը շարունակեց.

– Ինձ երևում էր, թե գտնվում եմ մի դրախտի[1] մեջ, որ զարդարած էր մշտականաչ ծառերով։ Որքան նայում էի, վերջ և սահման չուներ այդ դրախտը։ Որպես ծառերը, որպես ծաղիկները, այնպես էլ մարդիկը այնտեղ վալելում էին հավիտենական մանկություն։ Ծերությունը, մահը և այն բոլոր չարիքները, որ ապականում են մարդու կյանքը, այնտեղ գոյություն չունեին։ Այնտեղ թագավորում էր անթառամ, անվերջ կյանք միայն։ Տղամարդիկը նստած էին տերևախիտ արմավենիների հովանու տակ, գոհարներով զարդարած օթոցների վրա, և թիկն էին տված մախմուռե բարձերին։ Ամեն մի տղամարդի շուրջը պատել էին յոթանասունից ավելի դեռահաս աղջիկներ հրաշալի գեղեցկությամբ։ Նրանք հագուստի փոխարեն պատած էին սպիտակ ամպի նման թեթև և թափանցիկ մի նյութով։ Այդ նազելի արարածները ուրիշ հոգ չունեին, բացի գգվելուց և փայփայելուց այն տղամարդին, որին

  1. Դրախտ և պարտեզ միևնույն նշանակությունն ունեն թե մեր և թե պարսից լեզվի մեջ