Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խստությունը, խորհուրդ տվեց ներքինապետին հետաձգել պատանու փախուստը։ Ծերունին համաձայնվեցավ նրա հետ։

– Այս գիշեր ամենահարմար ժամանակն է,– պատասխանեց պատանին մի առանձին վստահությամբ,– ես սիրում եմ այսպիսի եղանակը։ Չեմ կարող մնալ, պիտի գնամ։

– Դու դեռ բավական տկար ես,– ասաց տիկինը կարեկցությամբ,– փոթորիկի ժամանակ այդ լեռների վրա շատ ցուրտ է լինում, կարող ես մրսել, կարող ես կրկին հիվանդանալ։

– Կարող է ուրիշ վտանգներ ևս պատահել,– ավելացրեց ծերունին,– եթե անձրևը սաստկանալու լինի, ձորերի մեջ հեղեղներ կբարձրանան։

Պատանին հաստատ մնալով իր որոշման վրա, պնդեց, թե ոչինչ չէ կարող արգելել նրա ուղևորությունը, թե նա ցանկանում է մի րոպե առաջ դուրս գալ, հեռանալ այն մթնոլորտից, որի օդը նրան խեղդում է, ուր ամեն ինչ նրա սրտում ցավ և կսկիծ է հարուցանում։

Սյուրին հասկացավ պատանու սրտի վշտերը, հասկացավ, թե ինչն է դուրս քշում նրան այդ երկրից, վճռեց չհակառակել նրա ցանկությանը և ամեն ինչ թողնել աստուծո կամքին։

– Ձիաները, մարդիկը ո՞րտեղ են,– հարցրեց նա ներքինապետից։

– Անտառում պահված են,– պատասխանեց ծերունին։

– Պատրաստվեցեք պատանուն ճանապարհ դնել, Ահմեդ, ինչ որ աստված կամեցել է, այն կլինի,– ասաց տիկինը խորին հավատքով,– գուցե այդ փոթորիկը աստված հարուց հենց նրա համար, որ պարսիկները քաշվեն իրանց վրաններում, ճանապարհների վրա ոչ ոք չմնա, որ պատանու փախուստը աննկատելի լինի։

Ծերունի ներքինապետը մտավ վրանի գաղտնարանը, որ բաժանված էր վարագույրով, այնտեղից դուրս բերեց մի զույգ ատրճանակ և մի թուր, վերջինը նա իր ձեռքով կապեց պատանու մեջքից, և գոտևորելով նորընծա ասպետին իր նոր կոչման մեջ, ասաց.

– Ես, բացի այդ թուրից, ուրիշ թանկագին բան չունեմ քեզ ընծայելու համար, Դավիթ,– դա Սյունյաց աշխարհի մի հզոր թագավորի թուրն է, որ ես դուրս եմ բերել խանի գանձարանից։ Այդ թուրը, որ մի ժամանակ հայ թագավորի հզոր ձեռքում պաշտպանում էր մեր հայրենիքը, թող այսուհետև հիշեցնե քեզ նրա