Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ կարող էր մեծ գործ կատարել,— այնտեղ հայը խնայող է և խելացի։ Նա միշտ իրան հեռու է պահում անմիտ բախտախնդրության ցնորքներից, և այդ, Ստեփաննոսի կարծիքով, վատ էր։ Նրա թեորիան շատ պարզ էր. «Կամ մեռնել, կամ լավ ապրել» ճնշված, հարստահարված, անապահով կյանքը նրան տանելի չէր։

Ստեփաննոսը մի ուրիշ բան ևս գիտեր։ Նա գիտեր, որ հայ ժողովուրդը կատարյալ ոչխարային բնավորություն ունի. մեկը պետք է առջևից գնա, որ մյուսները հետևեն նրան։ Բայց ո՜վ կարող էր լինել այդ «մեկը»։ Ո՞վ կարող էր առաջնորդել ամբոխին։ Նա դիմեց բոլոր հայ իշխաններին, բոլոր հայ մելիքներին և ամենից սառն ընդունելություն գտավ։ Նա չէր ճանաչում ժողովրդի այդ գլխավորներից և ոչ մեկին, որ համակրեր իր մտքերին։ Իսկ ի՞նքը։— Ինքը ի՞նչ կարող էր անել։ Ժողովուրդը հեղինակություն էր պահանջում։ Ժողովրդի վրա ազդելու, նրան շարժելու համար պետք էր փոքր ի շատե նշանավոր մարդ լինել։ Թեև ինքն էլ նշանավոր մարդերի կարգից դուրս չէր, բայց ի՞նչ կարող էր անել մի փառազուրկ իշխան, որի հայրենական ժառանգությունից մնացել էին՝ մի ձի և մի ձեռք զենքեր միայն։ Գենվազի ամբողջ գավառը, որ նրա հորերին էր պատկանում, այժմ դարձել էր մի խանի սեփականություն։ Իսկ ինքը անտուն, անտեղ, անօթևան թափառում էր երկրից երկիր, որպես մի արկածախնդիր ասպետ, որին իջևան էին տալիս միայն այն պատճառով, որ նրանից վախենում էին։ Այս մտածությունների մեջ խորասուզված, երիտասարդը քշում էր իր ձին Ներքին Ագուլիսից դեպի Օրդուբաթ տանող ճանապարհով, և այնքան զբաղված էր իր մտքերով, որ կարծես չէր նկատում անձրևի տարափը, որ մանր, փոշիանման կաթիլներով մաղվում էր նրա վրա։ Երեկոյան խավարը դեռ այնքան չէր թանձրացել, որ դժվար լիներ առարկաները որոշել։ Առջևում երևում էր խիտ այգիների մեջ թաքնված Օրդուբաթը։ Փոքր-ինչ հեռու Արաքսը մի արծաթյա ժապավենի նման ոլորվում էր ձորի միջով։ Գետի մյուս ափի վրա Քամ-քուհ լեռան բարձր գագաթը կիսով չափ ծածկված էր մթին ամպերի մեջ։ Կայծակը շեշտակի կերպով ճեղքեց այդ ամպերը և նրան հետևեցին սաստիկ որոտ և դղրդյուն։ Կարծես ամբողջ երկինքը թափ տվեցին և անձրևը միանգամից սկսեց հեղեղի նման թափվել։ Այդ ժամանակ միայն երիտասարդը արթնացավ իր մտահուզությունից, քաշեց ձիու սանձը, ձին կանգնեց, և նա սկսեց բաց անել իր վերարկուն, որ կապած էր երիվարի գավակի