Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես առաջինը։ Ես գոնե վնասակար եմ համարում։ Ես կարծում եմ, եթե Վարդանը վերջը իր սուրը չդարձներ պարսիկների դեմ, նույնքան վնասակար կլիներ, որքան Վասակը։ Ծառայել հայրենիքի թշնամուն, իր ազգի կործանողին, բարձրացնել նրա փառքը և զորությունը,– այդ նշանակում է ի վնաս իր ազդի գործել։ Մեծ տարբերություն չկա այդ երկու մտքերի մեջ՝ գող լինել կամ գողի բարեկամ։ Օտարի ծառայությունը մի այսպիսի բան է, որովհետև բոլոր օտարները մեր թշնամիներն են։ Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․

Ես գիտեմ քո մեծահոգությունը, Դավիթ, դու այն տեսակ մարդիկներից ես, որոնց համար հայրենիք և ազգություն չկա, որոնց հայրենիքը լայնածավալ աշխարհն է, իսկ ագգությունը ընդհանուր մարդկությունը։ Դու պատրաստ ես օգնել ամեն տեղ, ուր խեղճություն և բռնություն կգտնես։ «Բայց շապիկը ավելի մոտ է մարմնին»... «Պետք չէ Իսրայելի որդիների հացը ձգել հեթանոսների շներին...»։ Հիշու՞մ ես այդ ավետարանական խոսքը։ Մեր զավակներին քաղցած թողնելով, օտարների որդիների հացի մասին հոգալը մի մեծ առաքինություն չի համարվի մեզ համար։ Մենք այնքան սակավ միջոցներ ունենք, մեր ուժերը այնքան անբավական են մեզ համար, որ պետք է խնայենք նրանց, իսկ մենք աննպատակ կերպով սպառում ենք...

Ես ոչինչ նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայը ստանում է օտարների ծառայության մեջ։ Ես այդ համարում եմ մինչև անգամ մի տեսակ հանցանք դեպի մայրենի երկիրը, ես այդ համարում եմ մի տեսակ ապերախտություն դեպի այն ազգը, որի արյունն է կրում մարդ։ Այդ խոսքերը թող չվիրավորեն քեզ, Դավիթ, ես խոսում եմ ընկերի և բարեկամի հետ Ինչո՞վ ես դու կատարում քո պարտքը դեպի հայրենիքը։ Ախար այն մարմինը, այն արյունը, այն սիրտը, այն հոգին,– բոլորը, ինչ որ ունես դու, պատկանում են քո հայրենիքին, բոլորը այստեղից ես ստացել։ Ինչու՞ չես հետ տալիս նրան այն, որ ստացել ես։ Մի՞թե դու այն վատ պարտազանցներից մեկը չես լինի, եթե կուրանան քո վճարը։ Այո, կլինես, և մեզանից ամեն մեկը նույն վատությունը արած կլինի, եթե այդպես կվարվի...»։

Հետո նա Դավիթ Բեկի ուշադրությունը դարձնում էր Սյունյաց