աշխարհից նրան ուղարկված հանրագրի վրա, հորդորում էր ժողովրդի ներկայացուցիչների ձայնը հարգել, հորդորում էր թողնել վրաց ծառայությունը և փութով աճապարել դեպի հայրենիքը։ Նկարագրում էր Հայաստանի խառնաշփոթ քաղաքական դրությունը, բացատրում էր պարսից պետության ջլատումը և նրա օրըստօրե քայքայումը, որից պետք էր օգուտ քաղել, նպատակահարմար ժամանակը չկորցնել և ժողովուրդը ազատել այդ ազգի բարբարոսությունից։ Հետո մի փոքր գգվելով իր ընկերի անձնասիրությունը, նա ավելացնում էր․
«Մեր ազնվական դասը փչացած է, Դավիթ, նրանց վրա մեծ հույս դնել չի կարելի։ Դարերի ընթացքում, պարսից ազդեցության ներքո, ազնիվ արյունը նրանց երակներում խարդախվեցավ։ Այժմ Ժողովրդին պետք է փրկե ժողովրդի մարդը, նրա միջից դուրս եկած նրա հարազատ որդին։ Ո՞վ կարող է լինել այդ մարդը, բացի քեզանից, Դավիթ, բացի մի անձնից, որ իր վրա փորձել է ժողովրդի բոլոր տանջանքը, բոլոր ցավերը։ Քո կոչումը մեծ է այդ գոոծի մեջ։ Հանգամանքներն ստեղծեցին քեզ ժողովրդի փրկիչը լինել։– Եվ այդ պիտի կատարես դու...»։
– Կկատարե՛մ»․․․– ասաց նա խորին ցավակցությամբ և նամակը ցած դրեց։
Բ
Այնուհետև Դավիթ Բեկը հրամայեց կանչել իր մոտ նամակաբերին։
– Ինչպե՞ս է քո անունը,– հարցրեց, երբ հայտնվեցավ նա։
–Աղասի, ձեր ծառան,– պատասխանեց նամակաբերը, մի առանձին անձնավստահությամբ կանգնելով Բեկի առջև։– Իմ հայրը մելիք Վարթանեսի մոտ տնտես էր, իմ մայրը այնտեղ լվացարար էր․ ես նրանց ընտանիքի մեջ եմ ծնվել և նրանց հացով եմ մեծացել։ Նրանց տան կործանման ժամանակ իմ հայրը սպանվեցավ․ անիրավ պարսիկները նրան խենջարներով ծակծկեցին, ստիպում էին, որ ցույց տա մելիքի բոլոր հարստությունը։ Բայց հայրս լուռ մնաց և ավելի լավ համարեց մեռնել, քան իր տիրոջ կայքերի մատնիչը լինել։ Նրանից հետո մայրս շատ չապրեց, կսկիծը նրան շուտով գերեզման տարավ, երբ ես Ստեփանոսի հետ գերի ընկա Ֆաթալի խանի ձեռքում։ Երբ Թորոս իշխանը