Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Դու աստուծո կրակը ու սատանայի ցավը կուզես,– պատասխանեց Թինան, չմոռանալով նույն կերպով խթել Դարոյի կողքը:– Քո այդ մեյմունի գլխին խոտի բարձը ավելի սազ կգա։

Թինայի համեմատությունը չափազանց էր. Դարոյի գլուխը ամենևին մեյմունի նմանություն չուներ, ընդհակառակն, նա ավելի թարմ և ախորժելի դեմք ուներ։ Այդ վիրավորանքը մի կողմից, և գուցե կողքի ցավը մյուս կողմից, գրգռեցին Դարոյին երկու ձեռքով պինդ բռնել Թինայի ծամերից և այնպիսի սաստիկ ուժով ձիգ տալ, որ փոքր էր մնում կրակի մեջ պիտի գլորեր նրան։

– Վա՛յ... վա՛յ...– գոչեց Թինան և ինքն էլ փոխադարձաբար բռնեց Դարոյի ծամերից։

Սկսեցին միմյանց քաշքշել։ Աղմուկը նրանց վրա դարձրեց Բեկի ուշադրությունը։ Բայց, երևի, այդ տեսակ գործողությունները այնքան հաճախ կրկնվում էին Բեկի տան մեջ, որ նա մի առանձին նշանակություն չտվեց, միայն զգուշացրեց, որ իրան չխանգարեն։

– Թինա՛, Դարո՛, այդ ի՞նչ խաբար է, այստեղ կռվելու տեղ չէ, եթե ուզում եք միմյանց խեղդել, գնացեք դուրսը։

Մինչ երկու կնիկները պատշաճը և քաղաքավարությունը պահպանելու համար պատրաստվում էին իրանց կռիվը տեղափոխել սենյակից դուրս, վրա հասան նրանց ամուսինները։ Նրանցից յուրաքանչյուրը վառելու փայտերից մի կտոր վեր առնելով, սկսեց իր կնոջը ծեծել։ Խռովությունը ավելի աղմկալի կերպարանք ստացավ։

– Անզգամներ, – ասում էին նրանց,– կռվելու ժամանա՞կ եք գտել, չե՞ք տեսնում մեր տերը այս գիշեր հյուր ունի։

Կարծես հյուրի մոտ միայն պետք էր համեստ լինել։ Երկու կնիկները ընդունեցին այդ խրատը և իրանց մտքում հետաձգեցին կռիվը մի ուրիշ ժամանակի։ Խաղաղությունը կրկին տիրած կլիներ, եթե այդ միջոցին ներս չվազեր երկու հարսների կատաղած սկեսուրը, կարգ և կանոն սիրող Քեթևանը։ Նա խլեց մի փայտի կտոր և սկսեց իր որդիների պակաս թողածը ինքը լրացնել։ Հարսները սաստիկ ճիչ բարձրացրին։

– Հա՛ այդպես... հա՛ այդպես․․․– կրկնում էր բարկացած պառավը ու խփում։

– Բավական է, Քեթևան, հանգստացեք,– ասում էր Բեկը փոքր–ինչ վրդովված ձայնով և հրամայում էր դադարել։

– Դրանց պետք է ծեծել, տեր իմ,– պատասխանում էր