Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա խնամքով փաթաթվեցավ վերարկուի մեջ, ոչ այնքան իր մարմնին հոգ տանելու համար, որքան իր զենքերը թրջվելուց պահպանելու համար։ Այդ միջոցին հասան նրա երկու ուղեկիցները, որ բավական հետ էին մնացել։ Երիտասարդը դարձավ դեպի նրանցից մեկը, ասելով.

— Ջումշուդ, դու գիտե՞ս քաղաքի որ փողոցումն է այն հրեայի տունը։

— Գիտեմ,— պատասխանեց Ջումշուդը։

— Դե՝, առաջ քշիր, մեզ տար ուղիղ դեպի այն կողմը։

Ջումշուդը իր ձին առաջ քշեց, երիտասարդ իշխանը հետևում էր նրան։ Ետևից գալիս էր իշխանի մյուս ծառան՝ Աղասին։

Քամին հետզհետե սաստկանում էր և մրրիկը ավելի սպառնալի կերպարանք էր ընդունում։ Գյուղացիները սարսափով քշում էին իրանց անասունները դաշտից դեպի տուն։ Լեռներից լսելի էին լինում հովիվների խառն աղաղակները։ Սաստիկ անձրևների ժամանակ հեղեղը այդ կողմերում սոսկալի էր, նա տանում էր իր հետ ոչ միայն մարդիկ և անասուններ, այլ ահագին քարաժայռեր, որ պոկում էր սարերի կուրծքից։

Բոլորովին մութն էր, երբ իշխանը մտավ Օրդուբաթ քաղաքը։ Փողոցներում ոչ ոք չէր երևում։ Բոլոր դռները կողպված էին։ Անձրևը թեև փոքր-ինչ մեղմացած, բայց տակավին մաղվում էր։ Անցնելով մահմեդականների թաղերը, նրանք մտան հայերի թաղը։ Այստեղ բնակվում էին հրեաները մի առանձին փողոցում։ Ջումշուդը իր ձին կանգնեցրեց տներից մեկի դռան հանդեպ, ցած իջավ ձիուց և սկսեց դուռը բախել։ Երկար բախում էր նա, իսկ բաց անող չկար։ Գիշերային այն տարաժամ պահուն հրեան հեշտությամբ իր դուռը չէր բաց անի օտարականի առջև։ Կարծում էին, թե ներսում մարդ չկար։ Բայց դռան ճեղքերից ճրագի լույս էր երևում։

— Կոտրե՞մ,— հարցրեց Ջումշուդը։

— Չէ,— ասաց իշխանը,— կարելի է բաց անեն, բախեցե՛ք։

Ներսից լսելի էին լինում ոտքի ձայներ և մարդկային երկչոտ շշնջոց։

— Ես այս րոպեում բաց կանեմ,— ասաց Աղասին, իր ձին մոտեցնելով տան պատին և կանգնելով ձիու թամբի վրա։ Պատը շատ բարձր չէր. ճարպիկ երիտասարդը ձեռքերով չանկռեց պատի անհարթ մակերևույթը և կատվի արագությամբ թռավ կտուրի վրա։