տաքանում էր և խորին հոգեզմայլությամբ ականջ էր դնում կերակուրների եփ գալու ձայնին, մյուսը խորովվող փասիանների հոտովն էր հրապուրվում, երրորդը իր պատառոտած տրեխներն էր կարկատում, իսկ հինգերորդը մանր ավազով մաքրում էր մի ժանգոտած հրացան։ Նրանց մոտ թավալվում էին մի խումբ կիսամերկ երեխաներ, պառավ Քեթևանի թոռնիկները, մեկը ծուլորեն հորանջում էր, մյուսը նիրհում էր, իսկ մնացածները, որ ավելի արթուն էին, աչքները շռած, ապուշ—ապուշ նայում էին կաթսաների վրա։ Խարույկի մեղմ բոցերը պլպլում էին, լուսավորելով այդ ամբողջ նախնական կացությունը, որ իր պարզության մեջ կրում էր նահապետական կյանքի բոլոր վայելչությունները...
Բեկը լուռ մտախոհության մեջ թեք էր ընկած թախտի վրա նա, կարծես, չէր նկատում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Թևքը նեցուկ տալով գլխին, նա ընկողմանած էր բարձի վրա և նրա միտքը սլացել էր հեռու, հեռու դեպի հայրենի աշխարհը։ Նա հիշում էր իր թշվառ մանկությունը, հիշում էր իր անբախտ, չքավոր ծնողներին, հիշում էր այն բոլոր տանջանքը, այն բոլոր ցավերի դառնությունը, որ մաշում էր նրանց։ Օտարության մեջ անցուցած տասնևհինգ տարին երևում էր նրան որպես մի երազ, և քնից արթնացած մարդու նման, այժմ պատկերանում էր նրա մտքում միայն տխուր և վշտերով լի անցյալը, որ նա վարել էր հայրենական երկրում։ Նա կրկին վեր առեց եպիսկոպոսների, վարդապետների, մելիքների, տանուտերների գրած հանրագիրը, սկսեց նորից կարդալ։
Աղասին լուռ նստած էր թախտից ցած, հատակի վրա։ Նրա ուշադրությունը այժմ գրավել էին երկու հարսները, որոնք տաշտի մեջ սիմինտրի ալյուրից խմոր էին հունցում, այդ խմորից գնտակներ էին շինում, և խարույկի շիկացած ածուխները բաց անելով, գնտակները թաղում էին տաք մոխրի մեջ, կրկին ծածկում էին ածուխներով։ Այնտեղ, մոխրի մեջ առանց այրվելու, եփվում էին գնտակները։ Դա այդ երկրի հաց թխելու ձևն էր, որ ոչ սակավ զարմացնում էր Աղասուն, հիշեցնելով նրան իր հայրենիքի սպիտակ, թղթի պես բարակ լավաշները, որ պատրաստվում էին թոնրի մեջ։ Ինչպե՞ս ուտում են այս տեսակ հացը, մտածում էր Աղասին, այն ևս այսպիսի տան մեջ։ Նա այժմ սկսեց նայել սենյակի պատերի այն ճակատի վրա, որ պատած էր պարսկական գորգով, որ կողմումը դրված էր և Բեկի թախտը։ Այստեղ տեսարանը բավական գրավիչ էր։ Պատի վրա կարգով քարշ էին ընկած զանազան