այդ միջոցին ավելի եռանդով բոցավառվում էր։ Հյուրերը մի քանի րոպե կանգնած մնացին, երգեցին, պարեցին, թռչկոտացինք և իսպառ հոգնելուց հետո, տեղավորվեցան թախտի վրա, ուր առաջ նստած էր Բեկը։ Նրանց հետ եկած սպասավորները գնացին տանտիրոջ ծառաների սենյակը, Բեկի գինու կարասների բարիքը վայելելու համար։ Մի քանի րոպեից հետո լսվում էին նրանց ուրախության խառնաշփոթ աղաղակները։
Աղասին զարմացած նայում էր այդ անհոգ, զվարճասեր մարդկանց վրա, որոնց նմանը միայն բարեկենդանի օրերում կարելի էր տեսնել, երբ թե աղքատը, թե հարուստը, երբ թե խելացին, թե անխելքը անձնատուր են լինում մի տեսակ գժության հասցրած ուրախության։ Նա մտածում էր. մի՞թե դրանք պիտի լինեն իր հայրենիքի փրկիչները, մի՞թե դրանցից մի լավ բան կարելի էր սպասել։
Բացի Բայինդուր իշխանից, մնացած հյուրերը տասնևերեք հոգի էին։ Նրանց մեջն էր արցախեցի Մխիթար սպարապետը, միակ տղամարդը, որ որոշվում էր բոլորից իր ծանրությամբ, որը գործի հետ միացնել գիտեր և սառը մտածմունքը, իսկ քաջության հետ՝ անվեհեր վճռականությունը։ Նրանց մեջն էր լոռեցի Ավթանդիլ գնդապետը, մի չափազանց ջերմեռանդ և կրոնամոլ մարդ, որի մեջ ծիսապաշտությունը այն աստիճան սնահավատության էր հասել, որ ամեն անգամ, երբ պատահում էր նրան իր պասը լուծել, հավատացած էր, որ այդ մեղքը մի այլ ապաշխարությամբ չէ կարող սրբել, բայց միայն մի թուրք կամ պարսիկ սպանելով։ Նրանց մեջն էին մեծ Գիորգին և փոքր Գիորգին, որոնք, որպես երկու երկվորյակներ, շատ նման էին միմյանց թե դեմքով, թե բնավորությամբ, միայն փոքր Գիորգին իր աչքերից մեկը Թիֆլիսում կորցրել էր մուշտեկռիվի մեջ և միշտ մի առանձին փափագով ցանկանում էր գիտենալ, թե ո՞վ էր այդ արատը հասցնողը, որ ինքն էլ առիթ ունենար փոխարենը նրա երկու աչքերը հանելու։ Նրանց մեջն էր երևանցի, մեկ ոտքից կաղ, Օհանեսը, մի փոքրիկ, նենգավոր մարդ, որ իր չափազանց խորամանկության համար հայտնի էր մականունովս «օյինբազ»։ Նրանց մեջն էր շուշեցի Զաքարիա իշխանը, մի ահագին տղամարդ, որ միշտ պարծենում էր, թե իր պապը սովորություն ուներ ճաշին ամեն անգամ մի ամբողջ խորոված գառն ուտել։ Նրանց մեջ էր գող Ծատուրը, որը Ղազախի կողմերիցն էր, և որի մասին պատմում էին, երբ նրան չէ հաջողվում ուրիշից մի բան գողանալ, նա գողանում է իր սեփական տրեխները, թաքցնում է և մյուս օրը սկսում է բոբիկ ոտներով ման գալ, որ տրեխներ