նրա մոտ չտեսնեն և գողությունը չհայտնվի։ Նրանց մեջն էր պատանի Մոսին Նախիջևանի կողմերից, որ իր գեղեցիկ աչքերի համար հայտնի էր անունովս «Կարագյոզ»։ Բացի դրանից, այնտեղ էին շամախեցի Թաթեոս բեկը և գանձակեցի աղա Եղիազարը, որոնք երկուսն էլ սաստիկ վիրավորվում էին, երբ իրանց ընկերները առանց տիտղոսի լոկ անուններով էին կանչում նրանց։ Նրանց հետ էր և վաղարշապատցի Հարություն տանուտերը, որ սաստիկ նախապաշարմունք ուներ տերտերների, վարդապետների և առհասարակ եկեղեցականների վերաբերությամբ, և միշտ ասում էր, երբ ինքը երազում դրանցից մեկին տեսնում է, այն օրը տանից չէ դուրս գալիս, որովհետև գիտե, որ անպատճառ մի չար բանի պիտի հանդիպի։ Բացի այդ ամեն կողմերից հավաքված, փախստական հայերից, նրանց մեջ կային երկու վրացի ազնվականներ, որոնց մեկին կոչում էին Սոսիկո, իսկ մյուսին՝ Դաթիկո, այս վերջինի մասին պատմվում էր, երբ նա գերի ընկավ Պարսկաստանում, և երբ պարսիկները առաջարկեցին նրան, թե ի՞նչ կպահանջե, որ մահմեդականություն ընդունե, նա պահանջեց մի զույգ պաճիճներ (զանկապան) միայն։
Հյուրերը նստած էին թախտի վրա, մեկը ծալապատիկ, մյուսը ընկողմանած, երրորդը բոլորովին պառկած, մի խոսքով, որպես պահանջում էր յուրաքանչյուրի հանգստությունը։ Բայինդուր իշխանը մինչև անգամ իր երկայն ոտները դրել էր գող Սատուրի ուսերի վրա և այնպես թեք էր ընկած, անդադար զգուշացնելով նրան, թե չմտածե իր տրեխները գողանալ, որովհետև ինքը դեռ քնած չէ։ Աշուղը կանգնած նրանց հանդեպ, դեռ շարունակում էր իր պարկապզուկը ածել, թեև ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում, բացի տան կնիկներից, որ այդ միջոցին շրջապատել էին իրանց սիրելի երգչին և հիանում էին նրա երաժշտական ճարտարությամբ։ Պառավ Քեթևանը միայն տհաճ էր և իր մտքում անիծում էր իր սև բախտը, ասելով. «էլի ո՞ր սատանան բերեց այդ անզգամներին»...– Աղասին նստած էր թախտի մոտ, հատակի վրա։
– Ո՞րտեղ էիք,– դարձավ դեպի նրանց Բեկը մի առանձին հեգնական ժպիտով, որ ակամա երևաց նրա բազմահոգ դեմքի վրա։
– Ամեն տեղ, և ոչ մի տեղ,– պատասխանեց ղազախեցի գող Ծատուրը։– Հիմա տեսնու՞մ ես, այստեղ ենք։
– Սկսեցինք գյուղի ծայրից,– ասաց երևանցի կաղ Օհանեսը, նկատելով, որ գող Ծատուրի պատասխանը այնքան բավականացուցիչ չէր։– Սկսեցինք գյուղի ծայրից, երգելով, խմելով գալիս