Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց պետք էր մի բանով հագեցնել իր քաղցը, որ կարելի լիներ շարունակել սպառվող կյանքը։ Նա մոտեցավ իրանից ոչ այնքան հեռու հոսող առվակին, սկսեց քաղել նրա ափերից մի քանի տեսակ ծանոթ բույսեր, որոնց հում-հում ուտել անկարելի էր, միայն կերակուրների մեջ և աղցանի համար էին գործածվում։ Սկսեց ուտել այդ բույսերը, բայց նրանք փոխանակ հագեցնելու նրա քաղցը՝ պատճառեցին ստամոքսի մեջ սաստիկ ցավ։ Նա տհաճությամբ դեն գցեց քաղած բույսերը և մի քանի րոպե մնաց հուսահատ շփոթության մեջ, ամենևին չնկատելով, որ այդ միջոցին խոսակցելով, ծիծաղելով, երգելով անցնում էին նրա մոտից մի խումբ կնիկներ։ Նրանք վերադառնում էին ոչխարների հանգրվանից, և կաթի կժերը շալակած, դիմում էին դեպի գյուղը։

– Մտիկ տվեք, մտիկ տվեք, ի՛նչ է ուտում այդ մարդը,– ասաց նրանցից մեկը իր ընկերուհիներին,– ցույց տալով պատանու վրա։

– Երևի, քաղցած է խեղճը,– ասաց մի սիրուն տասնևերկու տարեկան աղջիկ, որ որոշվում էր բոլորից թե իր հագուստի նորությամբ և թե իր շարժմունքի համարձակ ձևերով։

– Քաղցած չէ,– պատասխանեց նրան մի պառավ աղջիկ,– երևի գիժ է, տեսնո՞ւմ եք, աչքերը ինչպես վառվում են։

– Ի՞նչ ես խոսում, Կեկել, գիժը դու ես,– պատասխանեց նրան փոքրիկ աղջիկը և իր ձեռքի պղնձե թասը մոտեցրեց կնիկներից մեկին, խնդրելով, որ կաթ ածե։

Կինը ուսից ցած բերեց կաթով լիքը կուժը, լցրեց պղնձե թասը, և փոքրիկ աղջիկը երկու ձեռքով բռնելով, վազեց պատանու մոտ։ Դավիթը ապշած նայում էր այդ մանկահասակ բարեսրտության վրա, որին, կարծես, երկինքը ուղարկել էր իրան օգնելու համար։

– Ա՛ռ, խմի՛ր,– ասաց նա մանկական անկեղծ կարեկցությամբ,– ես քեզ համար հաց էլ կբերեմ։

Պատանին իր շնորհակալությամբ լի աչքերը դարձնելով այ հրեշտակի նման չքնաղ արարածի վրա, ընդունեց թասը։ Աղջիկը կրկին դարձավ իր ընկերուհիների մոտ և այս անգամ բերեց մի կտոր հաց։ Նրա վարմունքը այն աստիճան սրտաշարժ էր, որ պատանին բոլորովին զարմացած մնաց։ Նա ավելի խոսք չգտավ, որ հայտնե իր շնորհակալությունը, միայն դատարկած թասը հետ տալով, ասաց.

– Թող աստված օրհնե քեզ, սիրուն աղջիկ։