Այդ օրհնությունը այնքան խորթ թվեցավ, որ փոքրիկ աղջիկ ծիծաղեց, և խառնվելով իր ընկերուհիների խմբին, հեռացավ։
Իսկ պատանուն այժմ սաստիկ հետաքրքրում էր այն միտքը, թե ո՞վ էր դա, ո՞ւմ աղջիկը, և այդ հասակում ուներ այնքան գութ և ցավակցություն դեպի մարդկանց թշվառությունը։ Նա մտածեց, թե ոչխարների հոտը շատ հեռու չպիտի լիներ և սկսեց դիմել դեպի այն կողմը, գուցե հովիվներից որևիցե տեղեկություն կստանար։
Ճանապարհը, որ տանում էր դեպի այն կողմը, ծածկված էր ոտնակոխ եղած խոտերով և ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր բլուրների վրայով։ Տեղ-տեղ կորչում էր նա խիտ թուփերի մեջ, տեղ-տեղ շարունակվում էր կանաչազարդ արոտամարգերի միջով։ Այստեղ արեգակի պայծառ ճառագայթները թափել էին ձորերի և դաշտերի վրա մի սքանչելի ջերմություն, իսկ այնտեղ, փոքր-ինչ հեռու, կապուտակ երկինքը միախառնվում էր կովկասյան ձյունապատ սարերի դարևոր սառնամանիքի հետ։
Հագեցնելով իր քաղցը, կազդուրելով սպառված ուժերը, պատանին շտապով առաջ էր գնում։ Եվ իրավ, ոչխարների հոտը շատ հեռու չէր. բլուրների մյուս կողմում, կեսօրվա տոթի պատճառով, նրանց պառկեցրել էին թուփերի հովանու տակ։ Կուշտ ու գոհունակ անասունները, հանդարտ չոքած ծնկների վրա, երբեմն իրանց միամիտ աչքերը այս կողմ և այն կողմ էին դարձնում և մեծ ախորժակով որոճում էին։ Տեղ-տեղ երկու չարաճճի այծեր, կանգնած ետևի ոտների պճղակների վրա, միմյանց հանդեպ, իրանց եղջյուրների ուժն էին փորձում։ Փոքր-ինչ հեռու ահագին շները, գլուխները առջևի թաթիկների վրա դրած, պառկել էին և զգույշ, խորամանկ աչքերով նայում էին իրանց շուրջը։ Տեսնելով պատանուն, նրանք խմբով վրա վազեցին և անշուշտ պատառ-պատառ կանեին, եթե նա չխլեր այնտեղ ընկած փայտի կտորը և նրանով չպաշտպանվեր։ Շների բարձրացրած աղաղակը նրա վրա դարձրեց հովիվներից մեկի ուշադրությունը, որը կեսօրվա տոթից թուլացած, պառկել էր վայրենի տանձենու տակ։ Նա չշարժվելով իր տեղից, հեռվից ծուլորեն կանչեց․
– Ա՛յ մարդ, ա՛յ մարդ, այս կողմից, այս կողմից։
Պատանին մի կողմից շների հետ կռվելով, մյուս կողմից իր շուրջը աչք ածելով, դիմեց դեպի կոչող ձայնը։ Շները հովիվին մոտենալով, փոքր-ինչ հանգստացան, երբ նկատեցին, որ նա չէ քաջալերում իրանց վարմունքը։ Պատանին բարևելով, նստեց նրա