Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առժամանակ գոնե, իր սրտի վշտերը ցրվել լեռների, դաշտերի, անտառների առանձնության մեջ, հեռու լինել մարդերի բնակությունից, որոնցից ոչ մի մխիթարություն չէր գտել նա։ Այդ պատճառով նա ավելի բարվոք համարեց կենակցել միամիտ հովիվների հետ, լսել նրանց պարզ, հասարակ պատմությունները, քան թե լսել ավազակ հայ մանրավաճառի անդադար նախատինքները, որը այնքան անխիղճ կերպով կողոպտեց նրան։

– Դե, ասա, տղաս, մնո՞ւմ ես ինձ մոտ,– կրկին հարցրեց հովիվը։

– Կմնամ,– պատասխանեց պատանին։

Զ

Հովիվը, որ ընդունեց իր մոտ պատանի Դավթին, կոչվում էր Սիկո։ Քառասուն տարեկան հազիվ կլիներ նա, մի հաստուպինդ մարդ էր Սիկոն թե խելքով և թե մարմնով։ Նրա ընտանիքը շատ մեծ չէր, երկու աղջիկներ և մի տղա ուներ Սիկոն։ Որպես ամեն վրացի, դեպի իր ընտանիքը բնավ հոգ չուներ Սիկոն։ Նա այն աստիճան ընտելացած էր իր ոչխարների հետ և այնքան սիրում էր նրանց, որ բոլորովին մոռացել էր թե կնոջը և թե զավակներին։ Խիստ հազիվ էր պատահում, որ Սիկոն իր տան շեմքի վրա ոտք կոխեր, այդ պատճառով Մցխեթի մեջ առակ էր դարձել ամեն մի հնության մասին ասել. «Այդ անցքը այն տարում պատահեց, երբ Սիկոն եկել էր իր տունը»։ Ամբողջ ցերեկը իր հոտի հետ անց էր կացնում նա արոտատեղերում, իսկ գիշերը պառկում էր իր տիրոջ գոմի մեջ, որ մի քանի քայլ միայն հեռու էր իր տնից։ Որպես վարձ իր ծառայության համար, ամեն տարի մեծ պարոնի կալից ստանում էր Սիկոն հինգ ջվալ սիմինդր, հարյուր չափ գինի, տասնևերկու բիալ փող, մի շապիկ, մի ոտաշոր, երկու զույգ տրեխներ՝ մի խոսքով մոտավորապես նույնքան, որքան ստանում էր մի գնդապետ։ Այդ նախանձելի ռոճիկը տալիս էին Սիկոյի տանը և նրա ընտանիքը կերակրվում էր։ Իսկ պատանի Դավիթը, մեծ պարոնի մեծ հովվի օգնականը, ռոճիկ չէր ստանում, դրա համար պետք էր դեռ երկար ծառայություն, նա ստանում էր ամեն առավոտ միայն օրական հաց, որը իր մախաղի մեջ դրած, տանում էր հետը, բացի դրանից, ստանում էր ամեն տարի մի ձեռք հագուստ։

Այսուամենայնիվ, նա շատ գոհ էր իր նոր վիճակով։