ճորտերի, նա իրան բախտավոր ու երջանիկ էր համարում, երբ երբեմն տեսնում էր գեղեցիկ Թամարին, երբ լսում էր նրա բերանից մի քանի քաղցր խոսքեր և երբ զմայլում էր նրա դեմքի անմեղ ժպիտով։
Թամարը այժմ սկսել էր ավելի հաճախ գալ ոչխարների մոտ։ Նրա համար անտառային պտուղներ քաղելու հոգսը, որ առաջ կատարում էր Սիկոն, այժմ հանձն էր առել պատանին։ Նա գնում էր անտառի ամենախուլ տեղերը, մտնում էր թուփերի ամենախճճված թավուտների մեջ, պատառոտում էր իր հագուստը, փշերով ծվատում էր իր ձեռքերը, հազար ու մեկ վտանգների էր ենթարկում իր անձը, նրա համար նորանոր պտուղներ գտնելու համար։ Ահա այն բարձր ժայռից քարշ ընկած մացառների մեջ երևում են հասուն մորիներ, կամ կարմիր ելակներ, բայց այնտեղ բարձրանալու համար կարելի է ոտքը կոտրել, գլուխը ջախջախել,– այդ միևնույն էր Դավթի համար, վտանգներից չէր վախենում նա, նա պատրաստ էր մինչև անգամ մահ հանձն առնել, միայն թե կարողանա քաղել խնդրած պտուղները։ Նա լցնում էր այդ պտուղները իր ձեռքով հյուսած փոքրիկ զամբյուղների մեջ և պահում էր Թամարի համար։
Մի անգամ պտուղները Թամարին տալու ժամանակ պատանին ընծայեց նրան և մի փունջ ծաղիկ։ Դավիթը զուրկ չէր քնքուշ զգացմունքներից, բայց նրան պակասում էր կիրթ ճաշակը։ Նա իր փունջը կազմել էր ամբողջապես դեղին ծաղիկներից։
– Ես դեղին ծաղիկներ չեմ սիրում,– ասաց Թամարը, թեև ընդունելով փունջը։
– Ապա ի՞նչ գույն ես սիրում,– հարցրեց պատանին, սաստիկ կարմրելով իր անշնորհքության վրա։
– Կարմիր, վարդագույն, մանիշակագույն, կապույտ, ու դրանց նմանները,– պատասխանեց Թամարը, միևնույն ժամանակ չդադարելով ճաշակել իրան մատուցած պտուղների հասունները։
– Ինչու՞ դեղինը չես սիրում։
– Չեմ սիրում, ինքս էլ չեմ իմանում, թե ինչու չեմ սիրում,– ասաց նա իր փունջի վրա նայելով։– Ես դեղին դույնով շորեր էլ չեմ հագնում, երբ ինձ համար կարում են։
– Դու, երևի, կարմիրն ես սիրում պատասխանեց պատանին մի առանձին հրճվանքով նայելով կամարի վրա։– Առաջին անգամ, երբ ես քեզ տեսա, էլի այսպես կարմիր դերիա ունեիր հագած, ինչպես հիմա։