Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մառախուղով: Օդի մեջ ծավալվում էր գարնանային խիստ ախորժ, անուշահոտ թարմություն։ Սպիտակ, դեղին, կապույտ ձնծաղիկը, համեստ մանիշակը, նոր հալված ձյունի տակից ազատվելով, պատել էին կանաչազարդ ձորերի, բլուրների երեսը։ Այստեղ գյուղական աղջիկները աղմկալի խումբերով ման էին գալիս, ծաղիկներ էին հավաքում։ Այնտեղ, նոր հալված սյունից առաջացած հարյուրավոր վտակների ափերի մոտ նրանց մայրերը քաղում էին զանազան բանջարեղեններ աղցանի համար։ Մի փոքր հեռու արածում էին ոչխարները և հովիվների ազդարար ձայնի արձագանքը երբեմն խուլ հնչյուններով տարածվում էր բլուրների մեջ։ Այդ բոլորը, լուսավորված վաղորդյան արեգակի տաք, փափուկ ճառագայթներով, շնչում էր գյուղական կյանքի խաղաղ պարզությամբ։

Կուր գետի ափի մոտ, ավերակ մատուռից փոքր-ինչ հեռու, մի կանաչազարդ տափարակի վրա մեծ պարոնի բազմաթիվ սպասավորները և ամեն հասակի աղախինները ճաշի պատրաստություն էին տեսնում։ Մի տեղ գառներ էին մորթում, մյուս տեղ արդեն հոշոտած միսը շարում էին շամփուրների վրա. մի տեղ վառած փայտակույտերի վրա կաթսաներով ջուր էին տաքացնում խաշլամայի համար, մյուս տեղ երկաթյա կասկարաների վրա կնիկները հաց էին թխում։ Մի կողմից էլ մեծ պարոնի մառանից, ավանակների վրա բարձած, տիկերով գինին բերում էին դարսում այդ դաշաային խոհանոցի մոտ։

– Գիգո, դու ինչպե՛ս ես կարծում, պարոնի խոյը կհաղթե՞, թե՞ Արչիլ թավադի որդու խոյը,– հարցրեց Գիգոյից գյուղացի Լեկոն, որը նրա մոտ նստած գետնի վրա, հեռվից նայում էին, թե ինչպես են ճաշ պատրաստում։

– Ո՛վ չէ իմանում, որ մեծ պարոնի խոյը կհաղթե,– պատասխանեց Գիգոն իր խելացի համեմատությամբ,– թե մեծ մարդու խոյն էլ իր նման զորեղ կլինի։

Գյուղացի Լեկոյի խորշոմած դեմքի վրա երևաց ուրախության նման մի բան, և այդ միջոցում նրա ճաքճքած շրթունքները հետ-հետ գնացին, երևան հանելով մուգ–դեղնագույն ատամները, որոնցից մի քանիսը ընկած էին։

– Դու լավ ասացիր, Գիգո, աստված է վկա, շատ լավ,– խոսեց նա, շարունակելով իր ծիծաղը,– ես մեր հարևան Կոստոյի հետ գրազ էի եկել, ասել էի, թե մեծ պարոնի խոյը կհաղթե. ես կտանեմ, այնպես չէ՞։