Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ասում է կգնամ ջուրը կընկնեմ, ինձ կխեղդեմ ու Լևանին չեմ ուզի։ Մի՞թե դու նրա բնավորությունը չես իմանում, թե ի՞նչ տեսակ անզգամն է։

– Ես դրանից հետո ի՞նչ կարող եմ անել,– հարցրեց խորթ մայրը, իրան շվարած ձևացնելով։

– Ի՞նչ կարող ես անել...– կրկնեց պառավը գլուխը շարժելով.– շատ բան կարող ես անել։ Շատ աղջիկներ սկզբում ասում են՝ ինձ կխեղդեմ, կգնամ ջուրը կընկնեմ... բայց հենց որ փեսայի տնից եկած հագուստը հագնում են, ամեն բան մոռանում են..․

Թամարը այդ միջոցին հասկանալով, որ խոսակցությունը իր մասին է, մի քանի իր հասակակից աղջիկների հետ հեռացավ, ասելով.

– Գնանք, Սալոմե, դեպի այն կողմը․ տեսնո՞ւմ ես, ի՞նչ լավ բուսել են այնտեղ խոտերը։– Նա ցույց տվեց բլուրի ստորոտը, որտեղից սկսվում էր մի հարթ, կանաչազարդ տարածություն, որ հասնում էր մինչև Կուրի ափը։

Մանկահասակ իշխանազուն աղջիկները, արագավազ եղջերուների նման, խումբով սկսեցին վազել դեպի բլուրի ստորոտը։ Նրանք ուրախ էին, որ վերջապես ազատվեցան իրանց մայրերի, պառավ տատերի և մորքույրերի ձանձրալի ներկայությունից և այժմ կարող էին ազատ շունչ քաշել։

Թամարը այսօր, տոնախմբության վայելչության համեմատ, հագել էր իր ամենաթանկագին հագուստները։ Բազուկները զարդարած էին ոսկյա ապարանջաններով, իսկ պարանոցը ոսկով և գույնզգույն հուլուններով հյուսված մանյակով։ Մեջքին կապած ուներ իր հանգուցյալ մոր ծանրագին քամարը։ Մետաքսյա, ծիրանեգույն դերիայի տակից դուրս էին նայում նրա փոքրիկ ոտիկները, սեղմված կարմիր մաշիկների մեջ։ Աղջիկների խումբը ցրիվ եկավ դաշտերի մեջ, ծաղիկներ էին որոնում։ Թամարը և Սալոմեն հետ մնացին։ Վերջինը Արչիլ թավադի որդու աղջիկն էր։

– Այն ո՞ւմ ոչխարներն են այնտեղ արածում,– հարցրեց Սալոմեն, խոսք բաց անելով։

– Ի՞նչ ոչխարներ,– պատասխանեց Թամարը, որպես թե ոչինչ չէ նկատում։

– Չե՞ս տեսնում, ահա այն հեռավոր բլուրների վրա, որ ծածկված են մանր թուփերով։– Այս կողմը մտիկ տուր, տես, այս կողմը,– ասաց Սալոմեն՝ մի ձեռքով բռնելով Թամարի թևքից, իսկ մյուս ձեռքը պարզելով դեպի ոչխարները։