թավադի որդիների կաքավները իրանց վանդակներով մնացին դրված մատուռի ավերակների վրա։ Նրանց մոտ դրված էին և լորերի վանդակները, որ պատկանում էին մեկը մեծ պարոնի սափրիչի որդուն, իսկ մյուսը՝ մեծ պարոնի ժառանգին։
Հեռվից բավական թամաշա անելուց հետո, տիրուհին կրկին դարձավ դեպի մեծ պարոնը, հարցնելով․
– Ինչո՞վ գրազ եկաք Արչիլի հետ։
– Եթե իմ խոյը կհաղթե, ես կստանամ Արչիլից 500 ծուխ ճորտեր իրանց հողերով, նրա կալվածներից որը որ ընտրելու լինեմ։ Իսկ եթե Արչիլի խոյը հաղթելու լինի, նա կստանա ինձանից 600 ծուխ ճորտեր իրանց հողերով, իմ կալվածներից որը որ ընտրելու լինի,– պատասխանեց մեծ պարոնը, ավելացնելով.– ինչպե՞ս է, լավ չե՞մ բարիշել։
– Լավ եք բարիշել,– մեջ մտավ Արչիլի տիկինը՝ Մելանիան,– մենք հարյուր ծուխով ավելի կստանանք։
– Հա՛, ավելի կստանաք,– կրկնեց մեծ պարոնը հեգնական եղանակով,– ի՞նչ պիտի անեի, ես էլ հարյուր ծուխ ավելացրի․ քո ջհուդ մարդը զահլես տարավ, ի՞նչ պիտի անեի։
Մելանիայի «ջհուդ մարդը» դարձյալ սկսեց ծիծաղել և ուրախությունից ծափ տալ։
– Իսկ ինձ մեծ պարոնը ոչինչ չավելացրեց, տիրուհի,– կոտրատվելով խոսակցության մեջ մտավ Լևան թավադի որդին, մի չորուցամաք երիտասարդ, որը իր մեջքը այնքան սեղմել էր արծաթե քամարով, որ փոքր էր մնում մեջքը կտրվի։
– Դու ի՞նչ պիտի կռվացնես,– հարցրեց տիրուհին, դառնալով դեպի Լևան թավադի որդին,– քեզ ինչո՞ւ պետք էր ավելացնել, քի՞չ ունես։
– Փառք աստուծո, քիչ չունեմ, բայց դարձյալ ես չէի ցանկանա հետ մնալ Արչիլից և մի բան ավել պատասխանեց երիտասարդը փոքր-ինչ վշտացած եղանակով։
– Լավ, դու ի՞նչ պիտի կռվացնես,– կրկնեց տիրուհին իր հարցը։
– Իմ շունը ձեր մեծ շան հետ. եթե իմը հաղթե, կստանա 300 ծուխ ճորտեր իրանց հողերով, իսկ եթե ձերը հաղթե, կստանա նույնքան։ Տեսնո՞ւմ եք, երկու կողմերի մրցանակներն ևս հավասար են։ Ես խնդրում էի մեծ պարոնից, որ գոնե 50–100 ոչխար ավելացնե, բայց նա հակառակի պես ընդդիմացավ, չէ ու