անձնավորությունները, ճանաչում էր բոլոր երեսները, ամեն մեկի հետ խոսում էր, և ամենին ողջունում էր, ասելով. «Ողորմած կենա...»։ Այդ բարեպաշտական տեսարանը այն աստիճան գրավել էր ջերմեռանդ հովվին, որ նա ամենևին չէր նկատում իր սիրելի ոչխարներին, որոնք նրա շուրջը սփռված, մեծ ախորժակով արածում էին։ Նա տեսավ մեկին, որ ձորի միջով անցնում էր։
– Դավիթ, Դավիթ,– գոչեց նա այնպիսի մի ձգական ձայնով, կարծես նրա ձայնը հազարավոր հնչյունների բաժանվելով, մինը մյուսին առաջ մղեցին և հասան մինչև Դավթի ականջները, որ բավական հեռավորության վրա, ձորի միջով գնում էր։
Նա դարձավ դեպի կոչող ձայնը և տեսավ հովվապետին բարձրավանդակի վրա կանգնած։ Մի քանի վայրկյան մնաց իր տեղում անշարժ դժվարանում էր վճռել, արդյոք գնա՞լ նրա մոտ, թե՞ շարունակել իր ճանապարհը, որի որ կողմ տանելն ինքն էլ չգիտեր։ Նա ուղղեց իր քայլերը դեպի հովվապետը։
– Որտե՞ղ ես սատանայի նման կորել այսօր, չես երևում,– հարցրեց Սիկոն իր սովորական քնքշությամբ.– առավոտից ես քեզ չեմ տեսել։
Բայց Դավթի վրդովված սրտին, նույն րոպեում հազիվ թե կարող էին որևիցե ուրախություն պատճառել իր բարեկամի քնքշությունները. նա ոչինչ չպատասխանեց։
– Հասկանում եմ...– շարունակեց հովվապետը խորհրդավոր ձայնով․– գնացել էիր աղջիկներին մտիկ տալու, հա՞ ... հասկանում եմ... ես էլ քո հասակում աղջիկներից պոկ չէի գալիս...
– Ես ոչ մի տեղ չեմ գնացել,– պատասխանեց պատանին, և նստեց մի քարի վրա, այժմ միայն զգալով, որ սաստիկ հոգնած է։
Հովվապետը նույնպես նստեց նրա մոտ նույն քարի վրա։ – Ինչպե՞ս ոչ մի տեղ չես գնացել,– հարցրեց նա,– մի թե դու չգնացիր համբուրելու։
– Չգնացի,– պատասխանեց պատանին անուշադիր կերպով և սկսեց նայել բազմաթիվ կարմիր պողոճների վրա, որոնց սև բծերը ավելի էին հետաքրքրում նրան, քան հովվապետի հարցուփորձը։
– Դու չգնացի՞ր համբուրելու,– կրկնեց հովվապետը այժմ բավական բարկացած կերպով,– ուրեմն դու վրացու աստվածը, վրացու Հիսուս–Քրիստոսը, վրացու խաչն ու Ավետարանը չե՞ս ընդունում։