Վերջին հարցերը շարժեցին պատանու ծիծաղը։
– Ընդունում եմ,– պատասխանեց նա.– վրացու աստվածը, Հիսուս Քրիստոսը, խաչն ու Ավետարանը միևնույնն է, ինչ որ հայերինն է։
– Ինչպե՛ս թե միևնույնն է. վրացու աստվածը ուրիշ է, հայինը ուրիշ է. վրացու Քրիստոսը ուրիշ է, հայինը ուրիշ է։
– Վրացու աստվածը վրացի է, հայինը հայ է,– նրա խոսքը կտրեց պատանին ծիծաղելով։
– Ապա, ի՞նչ ես կարծում. դրուստ այսպես է,– ասաց հովվապետը, զարմանալով պատանու լավ բացատրության վրա. վրացու աստվածը վրացի է, հայինը հայ է. եթե չես հավատում, գնա մեր տերտերից հարցրու, նա էլ այդպես կասի։
– Գիտեմ, որ նա էլ այդպես կասի...– պատասխանեց պատանին, աշխատելով վերջ տալ հովվի աստվածաբանական քննություններին, որովհետև նրա ուշադրությունը դարձավ այդ րոպեում դեպի ձորը, որտեղից անց էին կենում մի խումբ աղջիկներ։ Նա վեր կացավ։
– Ո՛ւր ես գնում,– հարցրեց հովվապետը։
– Գնում եմ համբուրելու...– ասաց պատանին ժպտելով, և աչքի տակով հետևելով աղջիկների խումբին։
Հովվապետը հալած յուղի տեղ ընդունելով պատանու խոսքը, և չհասկանալով նրա երկդիմի իմաստը, կարծեց, թե իրան արդեն հաջողվեցավ վրացու հավատքի բերել իր անհավատ օգնականին, և ֆանատիկոսի ուրախությամբ գրկելով նրան, ասաց.
– Գնա, զավակս, գնա՛, համբուրիր, ես այստեղ ոչխարները կպահեմ, թե փող չունես, փող էլ կտամ քեզ. մի զույգ մոմ առ, վառիր սեղանի վրա։
Այս ասելով, հովվապետը հանեց իր մախաղի միջից մի քանի սև փող և տվեց պատանուն։ Դավիթը շնորհակալությամբ ընդունեց փողը և դիմեց դեպի մատուռը։ Անցնելով ձորը, նա դուրս եկավ նեղ ճանապարհի վրա, որ տանում էր դեպի ուխտատեղը։ Ճանապարհի վրա ոչ ոք չկար, նա տեսավ մի գոսացած մուրացկան, որ ծնկների ու ձեռքերի վրա սոդայով, քարշ էր գալիս դեպի ուխտավորները։
– Ո՞ր կողմից, եղբայր,– հարցրեց նրանից պատանին:
– Քաղաքից,– պատասխանեց մուրացկանը և շարունակեց սողալ։