Խոյերի աչքերը դեռ կապված էին։ Ծառաները բաց արին նրանց աչքերը, և երկու ախոյանները իսկույն տեսնելով միմյանց, արձակեցին մի խուլ, որոտաձայն մռնչյուն։ Մեծ պարոնը կանգնած էր իր խոյի կողմում, իսկ Արչիլ թավադի որդին կանգնած էր իր խոյի կողմում։ Նրանք չվստահելով ծառաների հմտության վրա, սկսեցին իրանք կարգադրություններ անել։ Խոյերը անհանգիստ կերպով տատանվում էին, այս կողմ և այն կողմ էին հարձակվում, աշխատելով իրենց շղթաները կտրել, որ պինդ բռնված էին ծառաների ձեռքում, բայց չէին կարողանում։ Այդ արգելքը ավելի զայրացրեց նրանց։
– Ես մոտ եմ բերում, Արչիլ,– ձայն տվեց մեծ պարոնը։
– Ես էլ մոտ կբերեմ,– պատասխանեց նա,– միայն կամաց–կամաց, չթողնեք, որ հարձակում գործե։
Յուրաքանչյուր կողմից խոյերին սկսեցին կամաց–կամաց մոտ տանել, մինչև բոլորովին հասան միմյանց։ Երկու ախոյանները նախ սկսեցին հոտոտել միմյանց, հետո մեծ պարոնի խոյը անցավ Արչիլի խոյի գավակի կողմը. վերջինը անպատվություն համարելով այդ, իսկույն շուռ եկավ և իր եղջյուրով խթեց նրա կողքը։ Այդ սաստիկ կատաղեցրեց մեծ պարոնի խոյին, որ նույն կերպով պատասխանեց նրան։
– Այժմ ետ քաշեցեք,– ձայն տվեց մեծ պարոնը, ինքը բռնելով իր խոյի շղթայից և մի քանի քայլ հեռացնելով։
Արչիլը նույնպես ետ տարավ իր խոյին։ Երկու ախոյանները կանգնած էին միմյանց հանդեպ, տասն քայլ հեռավորության վրա։ Նրանք այն աստիճան զայրացած էին, որ այժմ կարելի էր նրանց շղթաները բաց անել, ազատ թողնել, որ հարձակումներ գործեն։
Առաջին հարձակումը թույլ էր։ Նրանից հետո իրանք՝ խոյերը հետ–հետ քաշվեցան և, ռումբի արագությամբ վազելով միմյանց վրա, գլուխ գլխի և եղջյուր եղջյուրի զարկեցին։ Չորս կողմից լսվում էին քաջալերական ձայներ։— Ա՛յ, ղոչաղ, այ, ղոչաղ, ասում էր մեծ պարոնը իր խոյին։ Նույն խրախույսներով ոգևորում էր Արչիլը իր խոյին։
Խոյերը կրկին հետ–հետ քաշվեցան, և այժմ ավելի լայն տարածության վրա կանգնելով, կրկին մի ավելի սաստիկ հարձակում գործեցին, ճակատ ճակատի զարկելով։ Եթե քար լիներ նրանց գլուխների փոխարեն, կարող էր իսկույն փշրվել, բայց նրանք,